«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Օգոստոսի 28-ին տեղի է ունենալու ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ, ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի որդու եւ ՀՀ ոստիկանապետի նախկին տեղակալ Սաշա Աֆյանի թոռնուհու հարսանիքը։ Հրավիրատոմսերն արդեն ուղարկված են, հյուրերի ցանկը բավական մեծ է։ Հրավիրված անձանցից մեզ հայտնեցին, որ հարսանիքը տեղի է ունենալու ոչ թե Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրում, այլ դրա ետնամասում գտնվող Ֆուտբոլի ակադեմիայի շենքում։ Որոշակի շրջանակներոմ ենթադրություններ կան, թե Հայրապետյանը չի ցանկանում որդու հարսանիքը «Հարսնաքարում» անել Վահե Ավետյանի սպանության պատճառով։ Հավաստի աղբյուրներից սակայն մեզ հայտնի դարձավ, որ իրականում պատճառը հյուրերի խիստ երկար ցանկն է՝ հազարից ավելի, որոնց «Հարսնաքարում» տեղավորել հնարավոր չէ»։
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: