Ինչպես հաղորդում էին ադրբեջանական լրատվամիջոցները, օգոստոսի 26-ին ՀՀ Տավուշի մարզից ադրբեջանական Ղազախի շրջանի Քեմերլի գյուղ է անցել Հայաստանի քաղաքացի, որի անձնական տվյալները հայտնի չեն։ Այս տեղեկությունը ադրբեջանական կայքերը երեկ տարածեցին կայծակի արագությամբ:
Սա դեռ բավական չէր, հաղորդվում էին նաև որոշակի «մանրամասներ»: Օրինակ՝ ադրբեջանական «Yeni Musavat» թերթը գրում էր, որ քաղաքացին 50-55 տարեկան է, որոշ ժամանակ է անցկացրել Քեմերլիի գյուղացիներից մեկի տանը, ապա ադրբեջանցի զինվորականները եկել ու տարել են նրան։
Համաձայն առկա տեղեկատվության՝ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը հերքել է ադրբեջանական լուրերը՝ ասելով. «Անծանոթ անձը մոտեցել է Նոյեմբերյանի ուղղությամբ տեղակայված հայկական հենակետերի պայմանագրային զինծառայողների ուղղությամբ, ներկայացել որպես ոսկեվանցի, խոսել աղավաղված հայերենով, սխալ շեշտադրումներով, թույլտվություն խնդրել մոտենալ մեր դիրքապահներին: Երբ մեր դիրքապահները հարցուփորձ են արել, նա չի կարողացել պատասխանել և փախչել է ադրբեջանական կողմի ուղղությամբ»:
Շրջանառվում էին նաև տեղեկություններ, համաձայն որոնց՝ «սահմանն անցած» հայը Ոսկեվանի բնակիչ էր: Սակայն Ոսկեվանի գյուղապետը նույնպես հերքեց տեղեկությունը՝ անհնար համարելով գաղտնի պահել մարդու անհետացումը փոքրիկ գյուղում:
Առավել ստույգ տեղեկություններ ստանալու համար Yerevannews.am-ը զրուցեց ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի հետ: Վերջինս նույնպես հերքեց այս տեղեկատվությունը՝ ընդգծելով, որ սա ապատեղեկատվություն է և չի համապատասխանում իրականությանը: