Ղարաբաղյան համակարտության արդյունքում Հայաստանում գրանցվել է ավելի քան 400 անհայտ կորած մարդ: Այս մասին ասված է Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի հայաստանի գրասենյակի տարածած հաղորդագրությունում:

Հաղորդագրությունում ասվում է, որ օգոստոսի 30-ի՝ Անհայտ կորածների միջազգային օրվան ընդառաջ, Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) կոչ է անում միջազգային հանրությանը՝ ավելի մեծ ուշադրություն դարձնել անհայտ կորած անձանց ողբերգության, ինչպես նաև այն իրավիճակի հանդեպ, որում հայտնվել են նրանց ընտանիքները։

«Անհայտ կորածների դեպքում կան երկու տեսակի տուժածներ․ անհայտ կորած անձը և նրա ընտանիքի անդամները, որոնք դեգերում են հույսի և հուսալքության, անորոշության և ցավի միջև, երբեմն տասնամյակներ շարունակսպասելով որևէ լուրի»,-ասում է Մարիան Պիկասուն՝ անհայտ կորածներին և նրանց ընտանիքներին ուղղված ԿԽՄԿ ծրագրերի ղեկավարը։ Թեև ամեն ինչից առավել ընտանիքները կարիք ունեն պարզելու իրենց հարազատի հետ կատարվածը, այնուամենայնիվ, իրենց անհայտ կորած սիրելիի հիշատակը պատշաճ կերպով հարգելու կարիք ևս ունեն»,- ասում է տիկին Պիկասուն։

Որոշ վայրերում անհայտ կորածների թիվն ապշեցնող է։ Օրինակ Կոլումբիայում սկզբնապես հայտարարված 90,000-ից 68,000-ից ավելին դեռեւս մնում են անհայտ կորած։ Շրի Լանկայում դեռևս չբացահայտված է մնում 16,000 մարդու ճակատագիր։ Պերուում անհետացել է 13,000-16,000 մարդ, և նրանց ընտանիքները դեռ սպասում են լուրի։ Բալկաններում հակամարտության հետևանքով անհայտ կորած է համարվում ավելին քան 11,000 մարդ՝ ԿԽՄԿ-ի ցուցակներում գրանցված 35,000-ից։

«Համաձայն միջազգային մարդասիրական իրավունքի՝պետությունները պարտավոր են ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները պարզելու անհայտ կորած անձանց ճակատագրերը և գտնվելու վայրը և այդ մասին տեղեկացնել նրանց ընտանիքներին»,- ասաց Քրիստին Բիիրլին՝ ԿԽՄԿ-ի փոխնախագահը, ԿԽՄԿ-ի կենտրոնական գրասենյակում կազմակերպված հիշատակման միջոցառման ժամանակ, որին ներկա էին գտնվում կառավարության ներկայացուցիչներ, Ժնևում գործող մարդասիրական և դիվանագիտական կառույցների անդամներ։

ԿԽՄԿ-ին մշտապես մտահոգում է այն հարցը, որ անհայտ կորածները և նրանց ընտանիքները հաճախ անտեսված են։ Կազմակերպությունը ներկայումս փորձում է պարզել 52,000 մարդու ճակատագիրը և գտնվելու վայրը։ «Այս թիվը սառցաբեկորի գագաթն է միայն, քանի որ սրանք այն դեպքերն են, որոնց համար հարազատները դեմել են ԿԽՄԿ-ին։ Գիտակցում ենք, որ աշխարհում իրական թիվը շատ ավելի մեծ է», - ասում է տիկին Պիկասուն։ Անմիջականորեն անհայտ կորած անձանց ընտանիքների հետ աշխատելուց բացի, ԿԽՄԿ-ն կարևոր դերակատարություն ունի այս հիմնահարցը հանրային օրակարգ մտցնելու գործում։ Կազմակերպությունը խրախուսում է իշխանություններին՝ միջոցներ ձեռնարկել անհայտ կորած անձանց որոնելու և նրանց ընտանիքների կարիքներին արձագանքելու ուղղությամբ։

Անհայտ կորածների միջազգային օրվա կապակցությամբ ԿԽՄԿ-ն ներկայացնում է նոր տպագիր նյութ՝ «Ապրելով բացակայի հետ․ օգնություն անհայտ կորածների ընտանիքներին»։ Այն բացահայտում է անհայտ կորածների ծանր փորձությունները, ընտանիքների բազմաթիվ կարիքները և նկարագրում ԿԽՄԿ-ի իրականացրած թիրախային ծրագրերը։ Նյութը տպավորիչ դարձնելու համար մեջբերված են նաև ընտանիքների անդամների խոսքեր։