«Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանի հեռանալուց հետո նրա խնամուն՝ Արծրունի Ղալումյանին պատկանող «Իջևան ՃՇՇ» ՓԲԸ-ի գլխին ամպեր կուտակվեցին: Ընկերությունն այս վերջին տարիներին մի շարք տենդերների հաղթող էր դարձել, ու գործերը վատ չէին գնում.- գրում է օրաթերթը:

Բայց կառավարության վերջին նիստի ժամանակ ճանշինի մասին սկսեցին խոսել բացասական իմաստով. վարչապետ Հովիկ Աբրահամյանը, տրանսպորտի փոխնախարարի փոխանցմամբ, դեղին քարտ ցույց տվեց այս կազմակերպությանը:

Օգոստոսի 21-ին տրանսպորտի փոխնախարար Արթուր Առաքելյանը կառավարության նիստում հայտարարեց, որ «Իջևան ՃՇՇ» ընկերությունը խախտել է Վազաշեն-Պառավաքար շրջանցիկ ճանապարհի շինարարության սահմանված ժամկետը, և որ պետք է լուծարել այդ ընկերության հետ պայմանագիրը: Ապա ներկայացրեց կառավարության որոշման նախագիծ, որով թույլատրվում է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարին նոր պայմանագիր կնքել, գնումների գործընթացը կազմակերպելով, ընդ որում, պետբյուջեում վերաբաշխում կատարել՝ 55 մլն-ով ավելացնելով նշված հատվածի շինարարության համար հատկացված գումարը: Պետբյուջեի ծախսերի ավելացման պաշտոնական բացատրությունը պայթեցումների իրականացման ժամանակ չնախատեսված բարդությունների ի հայտ գալն է՝ պայմանավորված «գրունտի տարբեր կատեգորիաներով»:

Համենայնդեպս, այդպես ներկայացրեց տրանսպորտի փոխնախարար Առաքելյանը: Հովիկ Աբրահամյանը նույնիսկ ընկերությանը պատասխանատվության ենթարկելու հարց բարձրացրեց, որը փոխնախարարը խոստացավ քննարկել: Բայցևայնպես, անհասկանալի մնաց, թե ինչպես է պատահել, որ մրցույթի ժամանակ հաղթող է ճանաչվել թերի նախագիծ, որը, փաստորեն, պահանջվող արժեքից ցածր ծախս էր պահանջում: Այն դեպքում, երբ 3,4 կմ երկարությամբ այդ ճանապարհը ռազմավարական նշանակություն ունի: Այն կառուցվում է որպես այլընտրանք գործող մայրուղուն, որն ընդամենը 300 մետրի վրա է գտնվում ադրբեջանական սահմանից, և ընթացող ավտոշարասյուները հաճախ գնդակոծվում են: Անցյալ տարվա հոկտեմբերին այնպիսի գնդակոծություն էր եղել, որ ճանապարհը փակվել էր: Զինծառայողներ էին վիրավորվել, մեկն էլ զոհվել էր: Հենց այն ժամանակ էլ որոշվեց կառուցել նոր ճանապարհը: Հետաքրքիր է, որ շինարարական աշխատանքները, ինչպես վստահեցնում է «Իջևան» ճանշինի տնօրեն Բորիս Սարգսյանը, սկսվեցին նոյեմբերին, իսկ գումարը՝ մոտ 520 մլն դրամ, հատկացվեց միայն փետրվարին: Այն ժամանակ տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանը կառավարության նիստի ժամանակ մեծ-մեծ խոստումներ տվեց՝ ասելով, որ ճանապարհը շահագործման կհանձնվի մինչև ամառ: Նաև զգուշացրեց, որ ցրտի հետ կապված՝ փորման աշխատանքները բարդացել են, «որովհետև սարի միջով են անցնում»:

Փաստորեն, նախարարի խոստումը չիրականացավ, որի համար ինչ-որ մեկը պետք է պատասխան տար: Մեր տեղեկություններով, «Իջևան ՃՇՇ»-ին ուղղակի պատժել են՝ պատվերը ձեռքից վերցնելով:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: