Դերասան Վարդան Պետրոսյանի փաստաբանը դատարանից պահանջում է անթույլատրելի ապացույց ճանաչել նրա մասնակցությամբ ողբերգական վթարի վայրի զննության վերաբերյալ նախորդ տարվա հոկտեմբերի 20-ին եւ 21-ին Կոտայքի մարզի քննիչ Հայկարամ Հակոբյանի կազմած արձանագրությունները։ Նման միջնորդությամբ այսօր՝ օգոստոսի 29-ին, Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում հանդես եկավ դերասանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը՝ նշելով, որ դրանք ձեռք են բերվել էական խախտումներով։
«Հայկարամ Հակոբյանը որոշել է գործ հարուցել՝ հիմք ընդունելով ճանապարհային զննության վերաբերյալ արձանագրությունը։ Սակայն դա որպես ապացույց չի կարող օգտագործվել, քանի որ խախտում է Վարդան Պետրոսյանի իրավունքները՝ էապես ազդելով փաստերի վրա»,- նշեց փաստաբանը։
Վարդան Պետրոսյանը նույնպես միացավ փաստաբանի միջնորդությանը՝ նշելով, որ արձանագրության տակ որպես վկա ստորագրած փրկարար Վռամ Վարդանյանը նախորդ դատական նիստին հայտարարել է, որ ինքը չի մասնակցել դեպքի վայրի զննությանը, սակայն նրա ստորագրությունն առկա է արձանագրության տակ. Վռամ Վարդանյանը դատարանում ասել էր, որ ստորագրել է՝ առանց կարդալու, կարծելով թե իր չափագրումների հետ կապված փաստաթղթի տակ է ստորագրում։ Նրա խոսքով՝ հաջորդ օրը կատարված զննության արձանագրությունը նույնպես պետք է անթույլատրելի ճանաչվի, քանի որ նույն վկայի խոսքով՝ իրենք դեպքի վայրը մաքրել են, ասֆալտին թափված ապակիները տարել դեպի փողոցի ոչ բանուկ մաս։
«Եթե հաշվի առնենք, որ ըստ փորձագետի, վթարը եղել է փողոցի այն մասում, որտեղ թափված են ապակիները, և հավատանք վկա Վռամի խոսքին, ստացվում է, որ վթարի վայրը փողոցի բանուկ մասում է եղել, որտեղ թափված են եղել ապակիները»,- ասաց փաստաբանը։ Բացի դրանից, նա հիշեցրեց, որ մինչև այժմ չի գտնվել արձանագրության տակ ստորագրած ընթերակ Վազգեն Կարապետյանը։
Հայցվոր կողմի փաստաբան Ռուբեն Բալոյանը առարկեց միջնորդությանը՝ ասելով, որ վկայի ցուցմունքը պաշտպանական կողմը սխալ է ներկայացնում՝ փորձելով շփոթություն ստեղծել։
Դատավորը միջնորդության քննարկումը հետաձգեց։
Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ Վարդան Պետրոսյանը 2013թ. հոկտեմբերի 20-ին, ժամը 22:10–ի սահմաններում, Կոտայքի մարզի Սարալանջ գյուղի կողմից դեպի Երևան ուղղությամբ վարելիս «ԲՄՎ-320» մակնիշի մեքենայով բախվել է կայանած «Վազ 21214» մակնիշի մեքենայի հետնամասին։ Վթարի հետևանքով «Վազ-21214» մակնիշի մեքենայի ուղևորներ էդվարդ և էդգար Հայկի Հակոբյանները մահացել են, ուղևորներ Տաթևիկ Հակոբյանը, Հայկ Հակոբյանը, էմմա Հակոբյանը, ինչպես նաև վարորդ Արթուր Հակոբյանն ստացել են վնասվածքներ: Վարդան Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով՝ «Ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ»։ Տուժող կողմը փորձում է ապացուցել, որ Վարդան Պետրոսյանը վթարի պահին եղել է ալկոհոլի ազդեցության տակ և գերազանցել է թույլատրելի արագությունը։ Դերասանը հերքում է այդ վարկածը և իրեն հերթին փորձում է ապացուցել, որ տուժող կողմի մեքենան կայանած է եղել ոչ թե ճանապարհի կողնակին, այլ երթևեկելի գոտում, ունեցել է անսարքություններ։