Շնորհավորում եմ բոլորիս, շնորհակալություն մեզ աջակցողներին, մեր ազգին, ֆեդերացիային, բոլոր նրանց, ովքեր մեր կողքին էին, երկրպագում էին մեզ: Սա միայն մեր վաստակը չէ, սա թիմային լուրջ աշխատանքի արդյունք է: Այդ մասին սեպտեմբերի 1-ին լրագրողների հետ զրույցում ասաց ծանրամարտի Հայաստանի պատանեկան հավաքականի մարզիչ Վիգեն Խաչատրյանը, ով գլխավորում էր ծանրամարտի հավաքականը 2-րդ պատանեկան Օլիմպիական խաղերում:
«Մենք երկար աշխատանք են կատարել մինչեւ Օլիմպիական խաղեր մեկնելը: Ուղեգրեր մենք թիմային հաշվարկով ենք ձեռք բերել և մինչև վերջին հավաքը ընտրություն էինք կատարում ծանրորդների միջև: Ի վերջո ընտրվեցինք նրանց, ովքեր առավելություններ ունեին:
Տղաները շատ լավ էին պատրաստված թե՛ ֆիզիկապես, թե՛ տակտիկապես, թե՛ հոգեբանորեն: Մենք լավ ուսումնասիրել էինք մեր մրցակիցներին և նախօրոք գիտեինք մեր քայլերը: Ցանկանում եմ առանձնացնել նաև Հայաստանի պատվիրակության միասնությունն ու համերաշխությունը: Բոլորը խոսում էին այդ մասին»,- ասաց Վիգեն Խաչատրյանը:
«Իսկապես մեծ հպարտություն և ուրախություն է դառնալ օլիմպիական չեմպիոն, սակայն այս ոսկե մեդալից հետո իմ մեջ ոչինչ չի փոխվել: Իմ նպատակը, ինչպես նաև ցանկացած մարզիկի նպատակը մեծահասակների օլիմպիական չեմպիոն դառնալն է: Շնորհակալություն բոլորին աջակցության, ջերմ ընդունելության և շնորհավորանքների համար»,- ասաց Սիմոն Մարտիրոսյանը:
«Շատ տպավորված եմ: Ամեն ինչ հրաշալի է ընթացել: Մենք շատ ուրախ եկանք Հայաստան և արժանացանք հրաշալի ընդունելության: Ծանրամարտը մեծ տեղ է զբաղեցնում իմ կյանքում, դրանից դուրս՝ գրեթե ոչինիչ չեմ հասցնում անել: Իմ նպատակն էլ՝ Ռիոյի Օլիմպիական խաղերն են և, իհարկե, չեմպիոն դառնալը»,- ասաց Հակոբ Մկրտչյանը: