Սեպտեմբերի 3-ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունում կայացան հերթական քաղաքական խորհրդակցությունները Հայաստանի և Արգենտինայի արտաքին գերատեսչությունների միջև: Հայկական կողմից խորհրդակցությունները վարեց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը, արգենտինական կողմից` Արգենտինայի արտաքին գործերի և պաշտամունքի նախարարի տեղակալ Էդուարդո Անտոնիո Սուաինը:
Խորհրդակցությունների ընթացքում կողմերը գոհունակությամբ արձանագրեցին երկու երկրների միջև առկա բարեկամական հարաբերությունների բարձր մակարդակը, անդրադարձան ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի այս տարվա հուլիսին Արգենտինա կատարած պաշտոնական այցի արդյունքներին: Քննարկվեցին երկու երկրների միջև գործող իրավապայմանագրային դաշտի ընդլայնման հնարավորությունները, համագործակցությունը միջազգային կազմակերպություններում, առևտրատնտեսական կապերի զարգացման հեռանկարերը, մի շարք տարածաշրջանային խնդիրներ, երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: