Սեպտեմբերի 1-ին ՉԺՀ Սինձյան-Ույղուրական ինքնավար շրջանի մայրաքաղաք Ուռումչիում մեկնարկեց «Չինաստան-Եվրասիա» 4-րդ միջազգային ցուցահանդեսը և համաժողովը, որին մասնակցեց ՉԺՀ-ում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը: Հայկական ընկերությունները այս խոշոր միջազգային ցուցահանդեսին մասնակցում են արդեն 3-րդ անգամ: Այս տարի հայկական տաղավարում ներկայացված են կոնյակ, գինի և օղի արտադրող մի շարք հայաստանյան ընկերություններ: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:
Սեպտեմբերի 2-ին դեսպան Սարգսյանը հանդիպում ունեցավ Չինաստանի կոմունիստական կուսակցության կենտկոմի քաղբյուրոյի անդամ, ՉԿԿ Սինձյանի կոմիտեի քարտուղար Ճան Չունսյանի հետ: Երկուստեք նշվեց, որ «Չինաստան-Եվրասիա» միջազգային ցուցահանդեսի միջոցով հայկական ապրանքների ներկայացումը կարող է նպաստել երկկողմ ապրանքաշրջանառության ծավալների ավելացմանը: Դեսպան Սարգսյանը նշեց, որ տնտեսական կապերի զարգացման և զբոսաշրջության ոլորտում երկկողմ համագործակցության ակտիվացման համար չափազանց կարևոր նշանակություն ունի Երևան-Ուռումչի ուղիղ չվերթների հաստատումը: Ճան Չունսյանը տեղեկացրեց, որ չինական կողմը ևս կարևորում է ուղիղ չվերթների կազմակերպումը, և հույս հայտնեց, որ համատեղ ջանքերով հնարավոր կլինի մոտ ապագայում լուծում տալ հարցին:
Համաժողովի շրջանակներում դեսպան Սարգսյանն առանձնազրույց ունեցավ նաև Սինձյանի նահանգապետ Նուր Բեքրիի հետ: Քննարկվեցին Հայաստանի և Սինձյան-Ույղուրական ինքնավար շրջանի փոխգործակցությանն առնչվող հարցեր: