«Սեպտեմբերի 7-ին Լոս Անջելեսում կկազմակերպվի հեռուստամարաթոն, որի ամբողջ հասույթը տրամադրվելու է Գյումրիում աղետից տուժածների համար բնակարանների գնմանը, այս պահին արդեն մարաթոնը չսկսած մոտ 200.000 դոլար գումար է հավաքվել, սա աննախադեպ է»,- այս մասին այսօր սեպտեմբերի 4-ին մամլո ասուլիսում հայտարարեց «Շիրակ» կենտրոնի նախագահ Վահան Թումասյանը: Բնակարանները կտրամադրվեն այն ընտանիքներին, որոնք անօթևան են, սակայն չունեն պետության կողմից ճանաչված անօթևանի կարգավիճակ: 

«Կազմակերպիչները մտադիր են գնել մոտ 20 բնակարան, սակայն ես կարծում եմ, որ այս թիվը կավելանա, քանի որ Հայաստան Համահայկական Հիմնադրամը մտադիր է կրկնապատկել հասույթը»,- հույս հայտնեց Վահան Թումասյանը:

Նման նախաձեռնություններ կան տարբեր երկրների հայ համայնքներում հայտնում է «Շիրակ» կենտրոնի նածագահը: «Սփյուռքը բավական ուշադիր է դարձել աղետի գոտու հանդեպ, ինչը չի կարելի ասել տեղական իշխանությունների մասին: Այնուամենայնիվ մինչև սեպտեմբերի վերջ մոտ 20 ընտանիք Գյումրիում կունենա իր բնակարանը»,- հավելեց նա: