«ԲՏԱ բանկ» ընկերության բանկային անվտանգության բաժնի պետ Հայրապետ Վ.-ն ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն բաժնում հաղորդում է ներկայացրել այն մասին, որ նույն բանկի «Զեյթուն» մասնաճյուղի ոսկերիչ-գնահատող Կարեն Ե.-ն մոտ 2 տասնյակ վարկային գործերով որպես գրավ քաղաքացիներից վերցրել է կեղծ ոսկյա զարդեր` բանկին պատճառելով առանձնապես խոշոր չափի գույքային վնաս:
Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության ՔԳՎ Քանաքեռ-Զեյթուն քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով:
Նախաքննության ընթացքում պարզվել է, որ նույն ժամանակահատվածում «ԲՏԱ բանկ» ՔԲԸ-ի «Զեյթուն» մասնաճյուղում ոսկյա զարդեր է գրավադրել նաև Կարեն Ե.-ի մորաքրոջ որդին, ով ՀՀ ոստիկանության Արարատի մարզային վարչության Մասիսի բաժնի ՊՊԾ դասակի հրամանատարի տեղակալն է:
Քրեական գործն ընդունվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ:
Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ հատուկ քննչական ծառայություն