Բազմաթիվ երիտասարդ դասախոսներ, դեռևս օգոստոսի 30-ին բաց նամակ են հղել ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին: Նամակով դասախոսները վարչապետին խնդրում էին ինչ-որ կերպ լուծել «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի վերջին փոփոխությունների արդյունքում առաջացած խնդիրները: Այսպիսով այսօր՝ սեպտեմբերի 4-ին, տեղի ունեցած Կառավարության նիստի ժամանակ վարչապետը խոսեց նաև այս հարցի շուրջ.
«Վերջին օրերին ինձ են դիմել բուհերի երիտասարդ դասախոսներ, ովքեր համատեղում են ոչ պետական կազմակերպություններում իրենց աշխատանքը պետական ոչ առևտրային կազմակերպությունների կարգավիճակ ունեցող բուհերում դասախոսական աշխատանքի հետ, մտահոգություն հայտնելով նպատակային սոցիալական վճարի երկու աշխատավայրից կատարման պարտավորությունների առնչությամբ:
Չնայած պետական կենսաթոշակների մասին օրենքով ուղղակիորեն սահմանված չէ, սակայն սոցիալական վճար կատարելու պարտականությունը փոխկապակցված է անձին, այսինքն՝ կոնկրետ անձը հարկային տեղեկատվական համակարգում ունի մեկ կարգավիճակ, կամ համակարգի մասնակից է, կամ մասնակից չէ: Հաշվի առնելով պատասխանատուների մտահոգությունները՝ հանձնարարել եմ Ֆինանսների նախարարին՝ ուսումնասիրել և առաջարկություններ ներկայացնել համապատասխան իրավական ակտ ընդունելու և հարկային մարմնի տեղեկատվական համակարգում համապատասխան փոփոխություններ կատարելու վերաբերյալ՝ հնարավորություն տալով սոցիալական վճար կատարելու պարտականություններից հրաժարվելու դիմում ներկայացնելու նաև այն անձի կողմից, ով համատեղությամբ աշխատում է բարձրագույն ուսումնական հաստատությունում և հիմնական գործատուն չի հանդիսանում պետական կազմակերպությունը»:


