Կառավարության նիստին այսօր Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը դժգոհեց, որ կառավարության շենքի դիմաց շուրջ մեկ տարի է` մի մարդ իրեն և Գիտությունների պետական կոմիտեի նախագահին է ուղղում ամենավերջին վիրավորանքները, ինչպես նաև հայհոյում: Քաղաքացու դժգոհության պատճառն այն է, որ նա կարող է ապացուցել, որ օգտակար գործողության գործակիցը (ՕԳԳ-ն) կարող է 100%-ից ավելին լինել, սակայն գիտական ոլորտում իրեն դա թույլ չեն տալիս ու չեն լսում իր բացահայտման մասին:

«Բազմաթիվ անգամներ դիմել ենք Ոստիկանությանը, որպեսզի միջոցներ ձեռնարկեն: Բայց վերջերս նա նաև դարձել է ագրեսիվ... Անհասկանալի է, որ եթե կան համապատասխան օրենքներ, ինչո՞ւ մեզ չեն պաշտպանում»,-ասաց ԳԱԱ նախագահը:

«Եթե մարդը միջոց չի ձեռնարկում, ի՞նչ պետք է անենք մենք, իսկ միջոցը դատարան դիմելն է, որովհետև հստակ սահմանված են այն հիմքերը, որ անձը կարող է դիմել դատարան, ընդ որում՝ որպես քաղաքացիական պաշտպանության միջոց»,-ասաց ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյան` ընդգծելով, որ մարդն իր պատիվն  ու արժանապատվությունը վերականգնելու համար կարող է դիմել դատարան:

Վարչապետին այդ ժամանակ հետաքրքրեց, որ եթե մարդուն հայհոյում են ու վերջինս դիմում է Ոստիկանություն, ապա ինչ պետք է անի Ոստիկանությունը: ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, պատասխանելով վարչապետի հարցին, ընդգծեց.

«Ռադիկ Մարտիրոսյանը գրավոր դիմել է մեզ, և այդ մարդու նկատմամբ վարչական տուգանք է կիրառվել: Խոսքը 85 տարեկան մարդու մասին է: Օրենքը տալիս է այն, ինչ տալիս է, իսկ դա վարչական տույժն է, եթե բավարար չէ, կարող եք մեր վրա դատարան դիմել»,-ասաց նա:

Հովիկ Աբրահամյանն ասաց. «Այսինքն` վարչական տույժով ամեն ինչ ավարտվու՞մ է: Էսքան իրավաբան կա, մի հատ լուծում եկեք գտնենք, հարց եմ տալիս ակադեմիկոս մարդ է, որին անընդհատ հայհոյում են ու վիրավորում, ինչպե՞ս պետք է լուծել խնդիրը»:

Դատախազը հարցի լուծման միակ տարբերակ որպես կրկին նշեց միայն դատարան դիմելու ճանապարհը, իսկ արդյոք կօգտվի, թե՝ ոչ, տվյալ մարդու խնդիրն է: