Հայաստանում գործում է «Նոր ուղի» աղանդը, որն ինքնասպանություն է քարոզում: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 5-ին, լրագրողների հետ զրույցում հայտնեց Միացյալ երիտասարդական լիգայի համանախագահ Սևակ Հովհաննիսյանը: Նա պնդում է, որ իրենց դիմել են այս աղանդից տուժածները՝ նշելով, որ այն մարդկանց մոտ առաջացնում է հոգեկան շեղումներ:
Սևակ Հովհաննսիյանը մասնավորապես նշեց. ««Նոր ուղի» աղանդից տուժողը հայտնի երգիչներից մեկի հարազատն է: Նա 2 անգամ արդեն դիմել է ինքնասպանության: Աղանդի ղեկավարների անունները դեռ հայտնի չեն: Այն գրանցված չէ արդարադատության նախարարությունում, տեղեկություններ հայտնի չեն սրա մասին, միայն գիտենք, որ 2010 թվականից գործել է Ուկրաինայում»:
Համանախագահը նշում է, որ այս աղանդը պրոպագանդում է «Շանթ» հեռուստաընկերության «Պարի՛ր, թե կարող ես» նախագծի պարուհի Մարի Հովհաննիսյանը: Նա նշում է, որ ՀՀ-ում ակտիվորեն գործում է նաև «Աստծո տուն» աղանդը, որը իր հավաքները պարբերաբար անցկացնում է Երևանի «Այրարատ» կինոթատրոնի դահլիճում:


