Աստիճանաբար դուրս գալով օգոստոսի սկզբին սահմանագծում դիվերսիոն գործողությունների անհաջողության պատճառած ցնցումից` Ադրբեջանը Հայաստանի նկատմամբ որդեգրել է նոր մարտավարություն, այս անգամ շեփորահարելով Հայաստանի տնտեսության ծանր վիճակի, ներքաղաքական լարվածության, արտագաղթի և մարդու իրավունքների ոտնահարման մասին:

Այս սին հայտարություներին լրատվամիջոցներից զատ ներգրավված են նաև Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնական օղակները, և անձամբ Իլհամ Ալիևը:

Իր տասնյակ զինվորների անիմաստ մահվան ուղարկած նախագահը Սոչի մեկնելուց առաջ սահմանամերձ գոտում երիտասարդության և հասարակայնության ներկայացուցիչների հետ ունեցած հանդիպման ժամանակ հարձակումները վերագրելով հայկական կողմին, հանդես էր եկել ադրբեջանական բանակի կրած խայտառակ պարտությունը քողարկող հայտարարություններով և հավելել, թե Հայաստանի տնտեսություն քայքայված է, Երևանն իբր ընդունում է, որ ի զորու չէ ինքնուրույն ապահովել իր անվտանգությունը, երկիրը դատարկվում է և շփման գծի հայկական կողմը պահպանող կենդանի ուժ չկա:

Ադրբեջանի նման գործելաոճը նպատակ է հետապնդում Հայաստանը պահել մեկուսացման և շրջափակման մեջ, ստվեր նետել միջազգային ասպարեզում Հայաստանի բարձր վարկանիշի վրա և հնարավորինս նվազեցնել զբոսաշրջության և ներդրումային հոսքերը:

ՀՀ պաշտպանության նախարարությունը հերթական անգամ հայտարարում է, որ ՀՀ զինված ուժերը վստահորեն վերահսկում են իրավիճակը շփման գծի ողջ երկայնքով, խստորեն հետևում են հրադադարի ռեժիմի պահպանմանը և իրավիճակին համարժեք գործողությունների են դիմում միայն հակառակորդի կողմից արձանագրվող նպատակային խախտումների դեպքում: Իսկ Հայաստանը, որը ողջ աշխարհում հայտնի է իր բացառիկ և հարուստ պատմամշակութային ժառանգությամբ, աշխարհագրական բազմազանությամբ և հյուրերի հանդեպ ջերմ ու բարեհամբույր վերաբերմունքով, միանգամայն անվտանգ երկիր է, ուր տիրում է օրենքի գերակայությունը, իսկ մարդու իրավունքները և ազատությունները համարվում են բարձրագույն արժեք: