Սեպտեմբերի 5-ին ՀՀ ԱԺ Հայաստան-Իրան բարեկամական խմբի ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հանդիպեց ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմադ Ռեյիսի հետ:

ՀՀ ԱԺ Հայաստան-Իրան բարեկամական խմբի ղեկավարը, ողջունելով դեսպանին խորհրդարանում, նշեց, որ հայ-իրանական բազմադարյան բարեկամությունը հիմնված է պատմամշակութային ընդհանրությունների վրա: Պարոն Բաղդասարյանը հույս հայտնեց, որ բարեկամական խմբերի գործունեության շնորհիվ կապերն առավել կամրապնդվեն: Նա կարևորեց Մեղրիի հէկի,Հայաստան-Իրան երկաթգծի և էներգակիրների ներկրման հետ կապված ծրագրերը, երկու բարեկամ երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալների ավելացումը:

ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Մոհամմադ Ռեյիսը շնորհավորեց Վահրամ Բաղդասարյանին ԱԺ Հայաստան-Իրան բարեկամական խմբի ղեկավար նշանակվելու կապակցությամբ: Նա նշեց, որ Իրանի վարած քաղաքականության առաջնահերթություններից է հարեւան երկրների հետ հարաբերությունների զարգացումը և խորացումը:

Դեսպանի համոզմամբ՝ հայ-իրանական միջխորհրդարանական հարաբերությունները բարձր մակարդակի վրա են եւ կշարունակեն զարգանալ՝ հիմնվելով երկու երկրների բարեկամության եւ պատմամշակութային ընդհանրությունների վրա:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս: