ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանն այսօր ընդունել է Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավար Օլեքսանդր Պավլյուկին և գրասենյակի ղեկավարի տեղակալ Նաիրա Ավետիսյանին:
Ողջունելով հյուրերին նախարարը շնորհակալություն է հայտնել նրանց սպորտի և երիտասարդական ծրագրերի իրագործման ուղղությամբ մեր երկրում կատարվող գործընթացների նկատմամբ ցուցաբերվող ուշադրության համար և հավաստիացրել, որ թե սպորտի և թե երիտասարդական ծրագերի շրջանակներում Հայաստանը սերտ համագործակցում է եվրոպական համապատասխան կառույցների հետ և պատրաստ է հետագայում ևս ընդլայնել համագործակցության շրջանակները:
“Այսօր մեր երկրում իրականացվում են շուրջ 30 երիտասարդական ծրագրեր, որոնք վերաբերվում են երիտասարդներին աշխատանքով ապահովմանը, մատչելի բնակարանաշինությանը, կրթությանը, գիտությանը, երիտասարդական ուսումնական ծրագրերին և այն: Ինչ վերաբերվում է սպորտին և ֆիզիկական կուլտուրային, ապա նախարարության որդեգրած ռազմավարություններից կարևորագույնը սպորտի մասսայականացման և առողջ ապրելակերպի քարոզումը ու իրագործումն է”,- հյուրերին տեղեկացրել է Հ. Ռոստոմյանը:
Հանդիպման ժամանակ Օլ. Պավլյուկը կարծիք է հայտնել, որ փոխգործակցային հարաբերությունները եվրոպական կառույցների հետ Հայաստանին հնարավորություն կտան մասնակից լինել երիտասարդության և ֆիզիկական կուլտուրայի ոլորտներում իրականացվող միջազգային շատ ծրագրերի: Նրա խոսքերով, Հայաստանի կողմից առաջարկվող հետաքրքիր ծրագրերը կարժանանան Եվրոխորհրդի աջակցությանը: