Երեկ Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ կայացավ 1991թվականին ծնված, նախկինում գողության համար ձերբակալված Արման Ավետիսյանի գործով դատական նիստը` ՀՀ Քրեական Օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասի համաձայն:

Վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2012 թ. նոյեմբերի 3-ին Սարյան 4 շենքի մոտ երեխաների համար նախատեսված ճոճանակների վրա նստելու հետ կապված վիճաբանել է Երևան քաղաքի Սունդուկյան 23/34 բնակարանի բնակիչ Արթուր Խաչատրյանի հետ, որի ընթացքում սուր կտրող-ծակող առարկայով հարվածել է վերջինիս կրծքավանդակի և որովայնի աջ կողմնային հատվածին` դիտավորությամբ Ա. Խաչատրյանին պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնասվածք: Մեղադրյալը հերքեց իրեն առաջադրված մեղքը` ասելով, որ ինքն այդ ամենի հետ ոչ մի կապ չունի: Նախաքննության ընթացքում մասնավորապես պարզվել է, որ Ա.Խաչատրյանը իր երկու ընկերների` Գևորգ Սեդրակյանի և Ռաֆիկ Մուրադյանի հետ առանց որևէ պատճառի որոշել են նստել Սարյան 4 շենքի մոտ երեխաների համար նախատեսված ճոճանակների վրա, ինչը տեսնելով` երկու երիտասարդներ վեճի են բռնվել Ա.Խաչատրյանի և նրա ընկերների հետ` ասելով, որ նստելով` կջարդեն ճոճանակները: Մի քանի րոպե անց վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, որի արդյունքում Արթուր Խաչատրյանը ստացել մարմնական ծանր վնասվածք: Նիստում մեղադրող Հակոբ Մելքոնյանի կողմից հարցաքննված Ա,Խաչատրյանի խոսքերից պարզ դարձավ, որ նա չի հիշում իրեն հարվածողի դեմքը, իսկ ամբաստանյալին չի ճանաչում:

Վերընթերցելով Ա. Խաչատրյանի կողմից տրված ցուցմունքը` դատախազը նկատեց էական տարբերություն այն բանի շուրջ, որ ցուցմունքում նշված հեռախոսի և ակնոցի կորցնելու մասին նշումը բացակայում է երեկվա տված պատասխանում, ինչին ի պատասխան` տուժողը պատասխանեց, որ անցել է երկար ժամանակ, և նա շատ բան մոռացել է: Դատավորին այն հարցին, թե ինչու է ամբաստանյալի աթոռին նստած Ա.Ավետիսյանը և ինչու է տուժողը իր կրած դրամական վնասը, 130 հազար ՀՀ դրամի չափով, պահանջում նրանից, եթե չի հիշում դեմքը, Ա.Խաչատրյանը պատասխանեց, որ չի հասկանում` ինչու է այդպես ստացվել:

Չնայած այս թյուրիմացությանը` դատը շարունակվեց, քանի որ նախաքննության ընթացքում, ըստ վկաների տված ցուցմունքի նկարագրության, ձերբակալվել էր հենց Ա. Ավետիսյանը: Վկաներ Գևորգ Սեդրակյանը և Ռաֆիկ Մուրադյանը նույնպես չճանաչեցին ամբաստանյալին, և ասացին, որ նրան առաջին անգամ տեսել առերեսման ժամանակ: Թե տուժողը, և թե վկաները դատարանում իրենց տված ցուցմունքում ասացին, որ չեն հիշում իրենց հետ կռվի մեջ մտած երիտասարդների դեմքերը, քանի որ շատ ժամանակ է անցել այդ դեպքից: Մեղադրյալի դատապաշտպան Ռուբեն Չիբուխչյանի այն հարցին, թե արդյոք ճիշտ է փոքրերի համար նախատեսված ճոճանակին նստելը, վկա Ռ.Մուրադյանը գռեհիկ տոնով պատասխանեց, որ նա դեռ չի տեսել մի տեղ, որտեղ նշվում է, որ ճոճանակը նախատեսված է միայն երեխաների համար, ինչի համար էլ արժանացավ դատավորի նկատողությանը: Գործի դատաքննությունը շարունակվում է: Հաջորդ նիստը կկայանա մարտի 25-ին: