Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան կողմից շենգենյան վիզա չտրամադրելու պատճառով 3,5 տարեկան երեխան կկուրանա: YerevanNews.am-ի հետ զրույցում Ռոման Զակիյանը բարձրաձայնեց ընտանիքի դժբախտության և իրեն վիզա չտրամադրող ֆրանսիական դեսպանատան մասին:
Ռոման Զակիյանը երեխային Ֆրանսիայում վիրահատելու խնդրով դիմել է դեսպանատանը, սակայն, միայն մերժում է ստացել: Դժվարությամբ լույս աշխարհ եկած Իգորին բժիշկերը կյանքի հույս չէին տալիս: Երեխան ծնվել էր 1,7 կգ և շատ թույլ էր: Բարեբախտաբար երեխան ողջ է մնացել, անասելի ուրախություն պարգևելով ծնողներին: Վիրահատություն է կատարվել 5 ժամ տևողությամբ, և որոշ ժամանակ անց ծնողներին փոքրիկ Իգորի հետ դուրս են գրել հիվանդանոցից: Շուտով նկատվել է ծնողների կողմից, որ Իգորի մի աչքը մյուսից տարբերվում է: Ստուգումներ են անցկացրել, պարզվել է, որ շտապ վրահատություն է անհրաժեշտ երեխային, քանի որ կուրության նշաններ են հայտնաբերվել:
Իգորն ունի աչքի խնձորակի սուբատրոֆիա։ Հայաստանում միակ հնարավոր բժկական միջամտությունը աչքի հեռացումն է, Մոսկվայի կլինիկաներում ևս Իգորի ծնողներին բուժում չեն առաջարկել և խորհուրդ են տվել երեխային տանել Եվրոպա։ Միայն ֆրանսիական կլինիկաներից մեկը, ծանոթանալով երեխայի հիվանդության պատմությանը, խոստացել է փրկել երեխայի գոնե մեկ աչքը։
Ընտանիքը Ֆրանսիա մեկնելու համար դեսպանատան կողմից մերժվել է արդեն երեք անգամ: ԶԼՄ-ներով հարցը բարձրացնելուց հետո Զակիյանին կանչել և տվել են վիզան առանց լրացուցիչ փաստաթղթի պահանջի:
Երեխայի մորը վիզա չէին տվել: Ինչևէ ստուգումները Ֆրանսիայում անցկացնելուց հետո վիրահատման օր են նշանակել հոկտեմբերի 3-ը: Այս անգամ վիզա ստանալու համար դեսպանատունը պահանջել է ներկայացնել 3-ի համար պատվիրված տոմսեր, երեք անձի համար ամրագրված հյուրանոց, հիվանդանոցից՝ վիրահատության համար վճարած լինելու մասին հավաստություն։ Ընտանիքը ներկայացրել է բոլոր փաստաթղթերը, սակայն դրանից հետո Ռոման Զակիյանին կանչել են դեսպանատուն և տեղեկացրել, որ հյուպատոսը որոշել է, թե երեխայի ծնողներից միայն մեկը կարող է ուղեկցել նրան։
Ռոմանը հետ է վերցրել փաստաթղթերը և հեռացել դեսպանատնից: Նա մեկանաբանեց, որ եթե միայն մի ծնողին էին թույլատրելու մեկնել, ապա ինչու են պահանջել 3 տոմս, 3 հոգու համար նախատեսված հյուրանոց:
Զակիյանը պատրաստվում է կրկին դիմել ՀՀ իշպանություններին՝ միջամտելու խնդրանքով։ Նա բաց նամակ է գրել ուղղված ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին և ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին: Հորդորում ենք համապատասխան մարմիններին անտարբեր չմնալ Զակիայնների ընտանիքի վշտի հանդեպ:
Ստորև ներկայացնում ենք բաց նամակը.
Բաց նամակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին և ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանին
Հարգարժան այրեր, Դուք էլ ծնող եք և ես վստահ եմ, որ կհասկանաք նամակիս կարևորությունն ու այն անարձագանք չեք թողնի: Բավական երկար ժամանակ գումար էինք հանգանակում, որպեսզի կարողանանք Ֆրանսիայում իրականացնել փոքրիկիս` 3-ամյա Իգոր Զաքիյանի աչքի վիրահատությունը: Որդուս բժիշկներն ախտորոշել էին աչքի խնձորակի սուբատրոֆիա, որը աչքի դանդաղ մահն է, այսինքն` աչքի չափն աստիճանաբար նվազում է և քայքայվում: Այժմ արդեն ֆրանսիական կլինիկայում նշանակված է վիրահատության օրը, որը պետք է տեղի ունենա սույն թվականի հոկտեմբերի 3-ին և ստուգումներն իրականացնելու համար մենք պետք է Ֆրանսիայում լինենք արդեն սեպտեմբերի 26-ին: Սակայն, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը երեխային ուղեկցելու թույլտվություն տալիս է միայն ծնողներից մեկին: Ֆրանսիա մեկնելու համար արդեն դեսպանատան կողմից մերժվել ենք երեք անգամ։ Ամեն անգամ իրենք նոր փաստաթուղթ են պահանջում, սակայն միևնույն է, մերժում են: Նշեմ, որ ի վերջո, հետազոտություն անցնելու համար արդեն մեկ անգամ որդուս հետ մեկնել եմ Փարիզ: Բայց երեխան փոքր է, առանց մոր չի դիմանում, անընդհատ լաց է լինում, բժիշկները չեն կարողանում հետազոտել աչքերը։ Բայց այս անգամ արդեն վիրահատության օրն են նշանակել, որպեսզի հասցնեմ գալ Հայաստան և կնոջս հետ մեկնեմ, մինչդեռ հիմա ևս մեզ` երեքիս վիզա տալը մերժում են: Այս անգամ դեսպանատունը պահանջել է ներկայացնել երեքիս համար պատվիրված տոմսեր, երեք անձի համար ամրագրված հյուրանոց, հիվանդանոցից՝ վիրահատության համար վճարած լինելու մասին հավաստություն։ Բոլոր փաստաթղթերը ներկայացրել ենք, սակայն դրանից հետո ինձ կանչեցին դեսպանատուն և տեղեկացրեցին, որ հյուպատոսը որոշել է, թե երեխայի ծնողներից միայն մեկը կարող է ուղեկցել նրան։ Այլևս ի զորու չեմ, բացատրել, խնդրել արտակարգ և լիազոր դեսպանին, որ ընդունի, թե որքան օրհասական է պահը, խնդրում եմ` միջամտել ու օգնել, որպեսզի շենգենյան վիզա ստանանք: Եվ ի վերջո, հարց է ծագում. եթե մեզ երեքիս վիզա չէին տալու, ապա ինչո՞ւ են երեք հոգու տոմս պահանջել, երեք հոգու հյուրանոցի համար։ Մենք նպատակ չունենք Ֆրանսիայում մնալու, մենք ընդամենը փորձում ենք փրկել մեր երեխային՝ միակ ու երկար սպասված փոքրիկին: Անգամ կարող են մեզ հետևել այնտեղ, մենք հետ ենք գալու: Իմ և կնոջս ցանկությունը միայն փոքրիկիս վիրահատությունն է: Ժամանակը կարող է ճակատագրական լինել զավակիս համար…
Հարգանքներով` Իգորի հայր՝ Բագրատաշեն համայնքի բնակիչ Ռոման Զակիյան
Հ. գ. Թող Աստված պահի ու պահպանի բոլորիդ զավակներին, ովքեր ամեն օր վայելում են արևի շողերը:


