Հայ Ազգային Կոնգրես կուսակցության հիմնադիր համագումարը կկայանա ապրիլի 13-ին,ոչ թե մարտի 22-ին, ինչպես հայտարարված էր նախօրոք։Այս մասին ասել է ՀԱԿ պատգամավոր Լեւոն Զուրաբյանը։
«Պատվիրակների ուղիղ կեսը կներկայացնի ՀՀՇ-ն, մյուս կեսը՝ նախաձեռնող խումբը՝ ներառելով բոլոր անկուսակցականներին, այլ կուսակցականների ու հասարակական կազմակերպությունների, նախաձեռնությունների ներկայացուցիչներին, ովքեր դիմել են ընդունվելու նոր կուսակցության մեջ»,-ilur.am-ին ասել է Լեւոն Զուրաբյանը։
Ըստ նոր ստեղծվելիք կուսակցությանը ցանկություն են հայտնել միանալ ՀՀՇ-ն, Հայոց հայրենիք կուսակցությունը, Ժողովրդի իշխանություն հասարակական-քաղաքական նախաձեռնությունը, տարբեր կուսակցությունների եւ հասարակական կազմակերպությունների (ինչպիսիք են, օրինակ՝ «Հիմա», «Հայաստանն առանց քաղբտարկյալների», Freedom Manifest, եւ այլն), բազմաթիվ ներկայացուցիչներ, ինչպես նաեւ՝ հազարավոր անկուսակցականներ:
Իսկ ՀԱԿ-ը ինչպե՞ս է մասնակցելու ավագանու ընտրություններին:
«Կոնկրետ ՀԱԿ-ի համար դժվար է լինել զուգահեռաբար եւ այս տրանսֆորմացիոն գործընթացների մեջ, եւ մասնակցել ավագանու ընտրություններին: Բայց մենք պատրաստ ենք ուժերի եւ կազմակերպական ռեսուրսների լարումով դա անել, որովհետեւ տեսնում ենք այդ ընտրություններում ճեղքման լուրջ շանս: Իհարկե, շատ լավ կլիներ, եթե մենք կարողանայինք ձեւավորել կուսակցությունը, հետո նոր մասնակցել ընտրություններին, բայց ունենք այն, ինչ ունենք` այդ ժամանակը մեզ տրված չէ, քաղաքական գործընթացները թելադրում են ակտիվ մասնակցություն, եւ ուրեմն՝ մենք պետք է համատեղենք այս գործընթացները՝ ՀԱԿ կուսակցության ձեւավորումն ու ընտրություններում հաղթանակի ակնկալիքով ընտրություններին մասնակցելը: Մենք հիմա զբաղված ենք ընտրացուցակի կազմամբ»,-ասել է Լեւոն Զուրաբյանը։