Այս տարվա հունվարից կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող «Չանախ»  ընկերությունը դադարեցրել է համագործակցությունը «Սթար» սուպերմարկետների ցանցի հետ:

Ընկերության գործադիր-տնօրեն  Ղուկաս Բունիաթյանը YerevanNews.am-ի հետ զրույցում հաստատեց լուրը, նշելով, որ կուտակված պարտքի պատճառով  են խզել համագործակցությունը. «Անցած տարվա հոկտեմբերից մինչև հունվար «Սթարը» դադարել է մեզ վճարել, դրա հետևանքով արդեն  25մլն 500 հազար դրամի  պարտք է կուտակվել»: Վերջինիս խոսքերով  իրենք պատրաստ են  համագործակցությունը վերսկսել , պարտքն ամբողջությամբ մարվելու դեպքում: Սակայն այդպես էլ ոչ մեկին չեն կարողացել գտնել. « Ոչ մեկին չենք գտնում, որ դիմենք: Մարդ ենք ուղարկում` տնօրենները տեղում չեն: Զանգահարում ենք ոչ ոք չի պատասխանում»,- նշեց Ղուկաս Բունիաթյանը:

Ապա ավելացրեց, որ միայն ծայրահեղ դեպքում  պատրաստվում են  դատարան դիմել, սակայն դատարանից էլ որևէ սպասելիքներ չունեն. «Մի քանի ամիս առաջ դարձյալ նույն խնդրով դիմել ենք դատարան, մեկ  այլ կազմակերպության հետ կապված: Սակայն որևէ արդյունք չկա: Ասում են ղեկավարը հետախուզման մեջ է, թե երբ կհայտնվի, լուծում կստանա,թե չէ չգիտենք»:

Այս խնդրի հետ կապված փորձեցինք խոսել նաև «Սթար» ընկերության հետ: Սակայն  ընկերության  PR մենեջեր Քրիստինա Պողոսյանը գուցե և պատասխանելուց խուսափելու համար խնդրեց  գրավոր դիմել : Իսկ մեր այն պնդմանը, որ հարցը շտապ է, այնուամենայնիվ հրաժարվեցին բանավոր պատասխանել:

Այնուամենայնիվ, մենք գրավոր կդիմենք «Սթար» ընկերությանը և մոտակա օրերին կրկին կանդրադառնանք խնդրին: