<<2012 թվականը Երևանի միջազգային համագործակցության առումով բավականին արդյունավետ տարի է եղել>>,- Երևանի արտաքին համագործակցությունն է ամփոփել  քաղաքապետարանի արտաքին կապերի վարչության պետ Դավիթ Գևորգյանը։ Հանրապետության ամենամեծ համայնք Երևանը գործակցային կապեր ունի արտերկրյա 50 քաղաքների հետ, ընդ որում՝ դրանցից 36-ի հետ՝ պայմանագրային համագործակցության՝ հիմնված համաձայնագրերի, պայմանագրերի, ծրագրերի վրա։ 
<<Երևանի միջազգային համագործակցությունն ու արտաքին կապերը ուղղված են դեպի Երևան քաղաք ռեսուրսների ներգրավմանը, միջազգային համագործակցության աշխարհագրության ընդլայնմանը և Երևանն ավելի ճանաչելի ու գրավիչ դարձնելուն>>,- ներկայացրել է Դավիթ Գևորգյանը։ 


Երևանի քաղաքապետարանի արտաքին կապերի վարչության պետն անցյալ տարին կարևորում է իրականացրած մի շարք այցերով, փոխայցերով ու նոր համագործակցությունների ձեռքբերումով։ Դավիթ Գևորգյանը հատկանշել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի պաշտոնական այցերը Մարսել, Լիոն, որոնց ընթացքում քույր քաղաքների գործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ է քննարկվել։ 
<<Երևանի միջազգային կապերը տարեցտարի ընդլայնվում են, որովհետև նաև Երևանը, որպես համաշխարհային քաղաքների ցանցի միավոր, տարեցտարի ավելի գրավիչ է դառնում մեր գործընկերների համար։ 2013 թվականին ևս մենք նպատակ ունենք, և դա քաղաքապետ Տարոն Մարգարյանի դիրքորոշումն է, ավելի ընդլայնել համագործակցության աշխարհագրությունը՝ հստակ, արդյունավետ ծրագրերի նախապատրաստման և իրականացման ճանապարհով։ Մասնավորապես, ներկայում մշակման փուլում է Թեհրանի քաղաքապետարանի հետ լայնամասշտաբ համագործակցության ծրագիրը։ Էլ-Քուվեյթի, Ստավրոպոլի, Բուխարեստի հետ ևս լայն գործակցության ենք նախապատրաստվում>>,- նշել է Երևանի քաղաքապետարանի արտաքին կապերի վարչության պետը։


Համագործակցությունների համատեքստում բանախոսը Երևանի համար առանձնակի կարևորների թվին է դասում Երևանi և Ստեփանակերտի միջև արդեն պաշտոնական համագործակցության հաստատումը, որը հիմնված է ծրագրային համագործակցության վրա։ 
Ըստ Դավիթ Գևորգյանի՝ Երևանի քաղաքապետարանի համար կարևորագույն խնդիրներից  է նաև գործընկեր քաղաքների հետ փորձի փոխանակումը։ Որպես լավագույն օրինակ՝ Դավիթ Գևորգյանը նշել է Երևանի Էրեբունի վարչական շրջանում Լիոնի այգու հիմնումը, որը կառուցվել է համաֆինանսավորմամբ և Լիոնի այգիների կազմակերպման փորձի հիման վրա։
<<Մեր համագործակցության կարևոր ուղղություններից է նաև համագործակցությունը միջազգային՝ եվրոպական և տարածաշրջանային կառույցների հետ>>,- նշել է Դավիթ Գևորգյանը՝ մասնավորելով Երևանի անդամակցումը Եվրոսիթիզ Եվրոպական քաղաքների համայնքին, որն ընդգրկում է եվրոպական և տարածաշրջանային 170 քաղաք։ 


2012 թվականը Երևանում նաև մեծ միջոցառումներով հագեցած տարի է եղել։ Երևանի գործընկեր քաղաքներից մեծ պատվիրակություններ է ընդունել Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելու, ապա Երևանի 2794-ամյակի տոնակատարություններին։ Անցյալ տարի Երևանում անցկացվել են Մոսկվա, Սանկտ Պետերբուրգ քաղաքների օրերը։