«Ժամանակ» թերթը գրում է.
«Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում Ալեքսանդր Ազարյանի նախագահությամբ ընթանում է Աշոտ Կարապետյանի գործի դատական քննությունը:
Դեպքը տեղի է ունեցել Երևանյան լճի հարակից տարածքում:
Այս հավաքատեղին շարունակում է քրեական տեսակետից «թեժ կետ» լինել մայրաքաղաքային համայնապատկերում և նորանոր ամբաստանյալներ է «մատակարարում» մայրաքաղաքային դատարաններին:
Ըստ մեղադրանքի՝ 2014 թվականի ապրիլի 4-ի կեսգիշերին 33-ամյա Աշոտ Կարապետյանը «Երևանյան լճի» մերձակայքում միջամտել է իր մեքենայի ուղևոր, մարմնավաճառ Նարինե Հ.-ի և Նորայր Հովհաննիսյանի միջև ծագած վիճաբանությանը:
Աշոտ Կարապետյանը բռունցքով երեք հարված է հասցրել Նորայրի ձախ աչքի ու այտոսկրի հատվածին՝ պատճառելով ճակատային թմբկության, ձախ աչքի ակնագնդի արյունազեղման, զուգակցված բաց թափանցող գանգուղեղային վնասվածքի, դիմային, գանգի ոսկրերի, ճակատոսկրի խրթեշի, ճակատային ծոցի հետին պատի, անցումով՝ առաջային գանգափոս, ձախից սեպոսկրի գծային կոտրվածքների ձևերով վնասվածքներ, որոնք ուղեկցվել են գլխուղեղի թեթև աստիճանի սալջարդով, պնեմոցեֆալիայով: Տուժողի առողջությանը պատճառվել է կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս:
Ընդհանուր իրավասության դատարանում ամբաստանյալ Աշոտ Կարապետյանն իրեն մեղավոր է ճանաչել և միջնորդել, որ գործը քննվի արագացված ընթացակարգով:
Մեղադրող դատախազ Տ. Հակոբյանը, ներկայացնելով մեղադրական ճառը, ասաց, որ դատարանն Աշոտ Կարապետյանին պետք է մեղավոր ճանաչի մեղսագրված արարքի՝ դիտավորությամբ տուժողի առողջությանը ծանր վնաս հասցնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով»։
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: