«Կարող եմ հումորով էլ պատասխանել, թեժ աշնան համար կան էն սառը ցնցուղները, իսկ երբ ցնցուղը չի օգնում, շատ ավելի թեժ աշուն կարող ենք կազմակերպել: Կարող եմ ասել այնպես, ինչպես ես մտածում եմ, ուզում է թեժ լինել, ուզում է սառը, պետք է ամեն ինչ տրամաբանության մեջ լինի, օրենքի տառին համապատասխան: Այդ ժամանակ թեժ աշունները կարող է շահեկան լինեն, բայց երբ օրենքի խախտումով է լինում, ես դա չեմ ընդունում, որովհետև ես գիտեմ ինչ է նշանակում խժդժումներ, պատերազմներ և կորուստներ»,- սեպտեմբերի 13-ին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը քաղաքական դաշտում ակնկալվլելիք թեժ աշնան իր տեսակետները: 

Վ. Գսպարյանը ներկայացրեց նաև ոստիկանության ազնվության գործոնը. «Խոնարհումով ծառայելով ժողովրդին՝ ես թույլ չեմ տա, որ իմ երկրում իրար կոտորեն: Ցանկացած օրինախախտում խստագույնս կպատժվի: Մենք ազնիվ ենք մեր գործի մեջ, և մեզ պետք չի թիրախ դարձնել անազնվության հարցերում»:

Ոստիկանապետը հավատացրեց, որ քաղաքականությամբ չի զբաղվում. «Ես չունեմ քաղաքական շահ, ես ունեմ օրենքի գերակայության շահ, իսկ օրենքի գերակայության շահով ինձ վստահված սահմաններում կհասնեմ դրան, որ օրենքը գերակայի, այլ ոչ թե թայֆայաբանությունը, զոռբայությունը և այլն: Դժվար է լինելու, բայց ես հասնելու եմ: Քաղաքականությունն ինձ չի հետաքրքրում, իմ քաղաքականությունն իմ երկիրն է, մեր ընտանիքները, մեր երեխաները»: