Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը 2010 թվականին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի տեխնիկական կենտրոնի՝ Երևանի ֆուտբոլի ակադեմիայի շահագործման հանձնելուց հետո, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի «Հայկական Ֆուտբոլի ստրատեգիական զարգացման ծրագրի» շրջանակներում Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիան նախաձեռնեց նաև Գյումրիի և Վանաձորի ֆուտբոլի ակադեմիաների շինարարությունը:

Վանաձորի ֆուտբոլի ակադեմիայի շինարարությունն ընթացքում է, իսկ այսօր արդեն Գյումրիի ֆուտբոլի ակադեմիան, որի կառուցման աշխատանքներն սկսվել են 2011թ-ին՝ 8 հեկտար հողատարածքի վրա, հանձնվեց շահագործման:

Գյումրիի ֆուտբոլի ակադեմիան հանդիսավորությամբ բացեցին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը և Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը: Տոնական միջոցառմանը ներկա էր Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը, ով շրջեց ակադեմիայի տարածքում, ծանոթացավ ենթակառուցվածքներին: Գյումրիի ֆուտբոլի ակադեմիան բաղկացած է 1.200 քմ ընհանուր մակերեսով եռահարկ մասնաշենքից, որտեղ կան ժամանակակից ֆուտբոլը սպասարկող ենթակառուցվածքներ՝ կահավորված մարզչական սենյակներ, հանդերձարաններ, սանհանգույցներ, ցնցուղարաններ, դասասենյակ, լսարան, բժշկի սենյակ, վարչական մաս, արհեստական 2 և բնական խոտածածկով 6 խաղադաշտ, որոնք համապատասխանում են ՖԻՖԱ-ի և ՈՒԵՖԱ-ի կողմից պրոֆեսիոնալ ֆուտբոլի համար ընդունված չափորոշիչներին:
Այնուհետև նախագահը հետևեց Գյումրիի ֆուտբոլի ակադեմիայում մարզվող շուրջ 300 երեխաների մարզմանը, որի ավարտից հետո երեխաները լուսանկարվեցին ՀՀ նախագահի հետ և նրան նվիրեցին ֆուտբոլային գնդակ:
Գյումրիի ֆուտբոլի ակադեմիայի կառուցման ծրագիրը Հայաստանի Հանրապետության, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի և երկու միջազգային կազմակերպությունների՝ ֆուտբոլի համաշխարհային միության՝ ՖԻՖԱ-ի և ֆուտբոլի եվրոպական միության՝ ՈւԵՖԱ-ի կողմից իրականացված համատեղ ներդրումային ծրագիր է:
Գյումրիի ֆուտբոլի ակադեմիայում կարող են մարզվել մինչև 1000 պատանիներ և աղջիկներ:

Ակադեմիայում տեղի մասնագետների համար կկազմակերպվեն մարզչական կրթական դասընթացներ, որի արդյունքում վերապատրաստված և համապատասխան արտոնագրեր ստացած մարզիչներն իրավունք կստանան աշխատելու ֆուտբոլի ակադեմիայում: