«Ուսանողը պատրաստ չէ մտնել աշխատաշուկա, նա պատրաստ է միայն իր գիտելիքների ծավալով, ոչ թե ավելացնելու մեխանիզմներով»,- հայտարարեց «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի տնօրեն Ռուբեն Թոփչյանը սեպտեմբերի 16-ին հրավիրված ասուլիսի ժամանակ:
Ըստ Ռ. Թոփչյանի ՀՀ բուհերում տալիս են գիտելիքներ, բայց չեն տալիս համապատասխան պրակտիկա. «Մեծ մասամբ հույս կա, որ շրջանավարտը այդ ամենն իր աշխատավայրում կսովորի, բայց դա լավ չէ, քանի որ ուսումնառության ընթացքում ուսանողը պետք է սովորի իր գիտելիքները կիրառել: Այս հմտությունները սովորեցնելու վրա բուհերն ուշադրություն չեն դարձնում»:
«Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի նպատակն է աջակցել կրթական հաստատությանը՝ ստեղծել կրթության որակի բարելավման պլան. «Այժմ հիմնադրամը ուսումնական հաստատություններում ներդնում է որակի ապահովման մեխանիզմները: Եվ ուսումնական հաստատությունները պետք է գնահատեն իրենց արածի արդյունավետությունը, իսկ թերացումները վերացնեն»:


