Թեև Հայաստանում ասում են, որ Հայաստան-Սփյուռք համաժողովը Հայաստանում ներկայացուցչական է լինելու, սակայն պետության վարած քաղաքականությունը հանգեցնում է այն եզրակացությանը, որ համաժողովին կմասնակցեն այն կուսակցությունները, ներկայացուցիչները, որոնք սերտ հարաբերություններ ունեն Հայաստանի իշխանությունների կամ ավանդական կուսակցությունների հետ և համայնքի այն ներկայացուցիչերը, որոնք այդ կապերը չունեն, չեն հրավիրվում համաժողովին։ Հետևաբար` Հայաստան-Սփյուռք համաժողովը սփյուռքի աչքին թոզ փչելու փորձ է: Այս մասին այսօր` սեպտեմբերի 17-ին, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց սփյուռքահայ լրագրող Ռուբիկ Մինասյանը:
«Համաժողովի օրակարգը սփյուռքի հետ համաձայնեցված չէ, կամ համաձայնեցված է նրանց հետ, որոնք կապված են իշխանական լծակների կամ ավանդական կուսակցությունների հետ»,-ասաց նա` ընդգծելով, որ նախկինում ունեցած փորձը ցույց է տվել, որ համաժողովի վերջին հայտարարությունը, վերջնագիրը նախապես պատրաստված է լինում նախարարության կողմից:
Ինչպես իր խոսքում նշեց լրագրողը, սփյուռքը Թուրքիայից տարածքային պահանջ ունի, և Հայաստանի կառավարությունն այդ հարցը իջեցնում է հայ-թուրքական սահմանի բացման հարթության վրա:
«Այսքան տարի սփյուռքը պահանջատիրությունն առանց Հայաստանի կառավարության է տարել, քսան տարում Հայաստանի կառավարությունը փորձում է ջուրը գցել դա»,-ասաց Ռուբիկ Մինասյանը:
Անդրադառնալով Հունաստանում Հայոց Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունմանը՝ նա նշեց, որ դա եղել է ոչ թե Հայաստանի շնորհիվ, այլ համայնքի:
«Հայաստանը և Սփյուռքը լուրջ համագործակցության դաշտ ունեն, սակայն ոչ այս ձևով: Ամբողջովին այլ մակարդակի պետք է բերվեն Հայաստան-սփյուռք հարաբերությունները»,-ասաց Ռուբիկ Միինասյանը: Վերջինիս խոսքով` շատ երկրներից ներկայացուցիչներ հրաժարվել են գալ, որովհետև չեն ցանկանում մասնակցել ընդամենը շոուի, որը Սփյուռքի նախարարությունը կոչում է Հայաստան-սփյուռք համաժողով:
«Դա ծիծաղելի է, կազմակերպիչների համար կարևոր է, որ նախարարուհու զեկույցից հետո ծափահարեն»,-ընդգծեց նա` հարցնելով, թե արդյոք քանի՞ ընտանիքի հնարավոր էր Հայաստանում պահել «Արի տուն» ծրագրի գումարներով:
ՌԴ-ից ասուլիսին Skype-ով միացած «Ժամ» ամսագրի գլխավոր խմբագիր և հրատարակիչ, «Մենք» ստեղծագործական կրթական ընկերության ղեկավար, մշակութաբան Աննա Գիվարգիզյանը նշեց, որ իրենք ոչ թե բողոքում են, այլ հայտարարում են, որ չեն մասնակցելու համաժողովին:
«Մենք կանք, գործում ենք, բայց չենք մասնակցում, որովհետև չենք ցանկանում մեր ժամանակը ծախսել մի համաժողովի վրա, որի դերերը նախապես բաժանված են»,-ասաց նա` հավելելով, որ իրենց խոսքը տեղ չի հասնելու, որովհետև լսող չկա:
Աթենքում հրատարակվող Հայաստան շաբաթաթերթի խմբագիր Դավիթ Այվազյանի խոսքով` իրենք չեն ցանկանում միջոցներ, ժամանակ ծախսել համաժողովին մասնակցելու համար` գտնելով, որ դա այն արդյունքը չի տալու, որն իրենք ակնկալում են և որի անհրաժեշտությունն իսկապես կա:
Իսկ ինչ վերաբերում է համաժողովի օրակարգին, վերջինս նշեց. «Շատ հիմնահարցեր օրակարգից դուրս են մնում, ամենակարևորը՝ բացակայում են հայրենադարձության, Հայաստանի անվտանգության, արտագաղթի հարցերը»:


