Մարտի 6-ին Գրիգոր Լուսավորիչ 1 հասցեի դիմաց ավտովթար էր տեղի ունեցել, որից հետո «Ջիփ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը «Մերսեդեսի» վարորդին բռնությամբ մտցրել էր մեքենայի բեռնախցիկը և տարել: Այս մասին գրում է թերթը և մանրամասնում:

Ըստ շրջանավռող տեղեկությունների` հայր և որդի Գևորգ և Էդուարդ Մարտիրոսյանները մարտի 6-ին` ժամը 09 :00-ի սահմաններում, ծեծել են Դավիթաշեն 2-րդ թաղամասի բնակիչ 32-ամյա Արայիկ Շառոյանին, կոտրել նրան պատկանող «Մերսեդես» ավտոմեքենան, այնուհետև բռնի ուժով նրան գցել իրենց «Գրանդ Շերոկի» մակնիշի ավտոմեքենայի բեռնախցիկը և տարել անհայտ ուղղությամբ:

Թերթը գրում է, որ Գևորգ Մարտիրոսյանը ՌԴ զինված ուժերի բազաներից մեկի տեսչության պետն է, կոչումով` փոխգնդապետ, իսկ նրա տղան` Էդուարդը, «Հյուսիսային աստղ» ինտելեկտուալ տուրիզմի կենտրոնի տնօրենն է:

Կատարվածի շուրջ թերթի թղթակիցը զրուցել է Գևորգ Մարտիրոսյանի հետ, ում խոսքով` կատարվածը սադրանք է և այն արել է Արայիկ Շառոյանը:

Գ. Մարտիրոսյանը մասնավորապես ասել է, որ Ա. Շառոյանն իրեն գումար է պարտք:

«Ես նրանից մեքենա էի գնել, որն արժեր 44 հազար դոլար: Ավելի ուշ Շառոյանը հաղորդում էր տվել, որ ինքն իրավունք չուներ վաճառել այն: Արայիկի պապիկն էլ ինձանից պահանջել էր մեքենան, իսկ ես էլ պահանջել էի, որ տրամադրեն իմ գումարը, որից հետո ես կվերադարձնեմ մեքենան: Արդյունքում` այս ամենը հասավ դատարան, խնդիրը դեռևս չի կարգավորվել, ու դատարանը ոչ տրամաբանական որոշում է կայացրել, թե իբր ես եմ իրենց պարտք»,- ասել է Գ. Մարտիրոսյանը:

Թերթը ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից տեղեկացել է, որ գործի նյութերը փոխանցվել են ՀՀ ՊՆ քննչական ծառայություն: ՊՆ քննչական ծառայությունից էլ հայտնել են, որ նյութերը դեռևս իրենց չեն հասել: