Յուրաքանչյուր երիտասարդ պետք է սկսի տարրական դպրոցից մտածել իր ապագայի մասին, հասարակությունն ու ծնողներն էլ հասկանան և քիչ խառնվեն երեխայի մասնագիտության ընտրությանը: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն, կրթության ոլորտի փորձագետ Անահիտ Բախշյանը՝ խոսելով 12-ամյա կրթությանն անցնելու ԿԳՆ որոշման մասին:

Անահիտ Բախշյանի խոսքով` 12-ամյա կրթության առաջին նպատակներից մեկը մասնագիտական կողմնորոշման ուղղությամբ կրթություն տալն է: Նա ընդգծեց, որ«ծնողները շարունակում են իրենց երեխաներին իրավաբան, բժիշկ մասնագիտություններով ուղարկել, բայց կյանքը ցույց է տալիս, որ այդ իներցիան պետք է կոտրել»:

Նախամասնագիտական կրթություն տալու գործընթացը, ըստ Բախշյանի, պետք է դրվի ավելի նպատակային հիմքերի վրա, որի միջոցով միայն հնարավոր կլինի մեր պատանիներին ուղղորդել ուսումնասիրելու աշխատաշուկան և ստանալու այն մասնագիտությունը, որի պահանջը կա»:

Տիկին Բախշյանը այն հույս հայտնելց, որ 12-ամյա պարտադիր կրթությունն ինչ-որ հարցեր կլուծի: Բանախոսը, սակայն, նկատեց, որ ցանկացած համակարգ, որ դրվում է, մեզանում ինչ-որ տեղ փչանում է:

«Կա ավագ դպրոցի մասին Կառավարության ընդունած ռազմավարությունը, բայց չեմ տեսել գոնե մեկ դպրոց, որ իրականացրած լինի դա: Որպեսզի համակարգն իր նպատակին ծառայի, մենք պիտի հետևենք այն բոլոր կարգերին, որոնք ընդունվել են Կառավարության կողմից»,-ասաց Անահիտ Բախշյանը: