Հայաստանի Հանրապետության անկախության 23-րդ տարեդարձի առթիվ Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձներ է ստանում օտարերկրյա պետությունների ղեկավարներից, միջազգային կազմակերպությունների, պետական և հասարակական հատվածի, հոգևոր դասի ներկայացուցիչներից, անհատներից:

Տոնի առթիվ Նախագահ Սերժ Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինը:

Ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Հարգելի Սերժ Ազատի,

Ընդունեք սրտանց շնորհավորանքներ Հայաստանի Հանրապետության ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ:

Բարեկամության, փոխադարձ հարգանքի և մշակութային նմանությունների բազմադարյա ավանդույթների վրա հիմնված ռուս-հայկական հարաբերությունները հաջողությամբ զարգանում են դաշնակցային գործընկերության ոգով: Փոխշահավետ համագործակցությունը քաղաքական, առևտրատնտեսական, գիտատեխնիկական և հումանիտար ոլորտներում որակական նոր մակարդակի է բարձրանում եվրասիական ինտեգրացիոն նախագծում Ձեր երկրի ներգրավվման լույսի ներքո:

Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մենք կապահովենք երկկողմ կապերի ողջ համալիրի հետագա զարգացումը, տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդիական հարցերի լուծման գործում ջանքերի արդյունավետ կոորդինացիան: Դա, անկասկած, համապատասխանում է Ռուսաստանի և Հայաստանի եղբայրական ժողովուրդների արմատական շահերին:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, երջանկություն և նոր հաջողություններ, իսկ Ձեր բոլոր հայրենակիցներին՝ բարօրություն և բարգավաճում»,- ասված է ՌԴ Նախագահի շնորհավորական ուղերձում: