«Հրապարակ» թերթը գրում է.
«Հովիկ Աբրահամյանի վարորդ Գրիգոր Գևորգյանի՝ Արգամիչի Գոքորի «Հրաշք այգու» մասին վատ-վատ բաներ գրվեցին: Մասնավորապես այն, որ Արարատի մարզում գտնվող այս օբյեկտն ավելի շատ հասարակաց տուն է հիշեցնում, քան ռեստորանային համալիր, որտեղ «աղջիկներ են հյուրասիրում» հաճախորդներին: Չնայած Հովիկ Աբրահամյանը երբեմն իր վարորդի օբյեկտում «մի կտոր հաց է ուտում»: Ոմանք հարց էին տալիս՝ որտեղի՞ց «հասարակ» վարորդին այդքան գումար՝ նման հսկայական ու շքեղ ռեստորանահյուրանոցային համալիր կառուցելու համար: Եվ քանի որ «Հրապարակն» էր մի քանի անգամ այս թեմային անդրադարձել, սեփականատիրոջ խնդրանքով եղանք նրա «օբյեկտում», որպեսզի մոտիկից ծանոթանանք այս կառույցին:
Միանգամից նշենք, որ համալիրն իրապես համապատասխանում է իր անվանը՝ «Հրաշք այգի». իրոք որ հրաշք մի վայր՝ քաղաքից դուրս ժամանակ անցկացնելու համար: Նախ, վարչապետի Գոքորը մի ամբողջ գազանանոց է պահում՝ հսկայական արջեր, գայլեր, աղվեսներ, տարբեր այլ կենդանիներ, որոնց, ինչպես մեզ վստահեցրեց օբյեկտի համասեփականատեր, Գրիգորի մանկության ընկեր Եղիշը, իրենցից լավ են նայում ու կերակրում: Ներս մտնելուն պես էլ վայրի գազանների մռնչյունները փոխարինվեցին ոչ պակաս վայրի թռչունների (անգղ, արծիվ և այլն) կռնչյուններով: Հսկայական տարածքում գեղեցիկ շատրվաններ էին կառուցել, արձաններ կանգնեցրել:
Շրջեցինք տարածքում. ամենուր ռետրո ոճով սարքված փայտե տաղավարներ էին՝ մի կտոր հաց ուտելու համար: Տաղավարների կողքին կային նաև փակ և բացօթյա մեծ, շքեղ սրահներ՝ նախատեսված տարատեսակ արարողությունների համար՝ կնունք, ծնունդ, հարսանիք. «քելեխի» սեղան էլ են գցում այստեղ: Տեսանք նաև հյուրանոցային համարներով շենքը, որտեղ, ցանկության դեպքում, հաճախորդները կարող են գիշերել:
Ինչ վերաբերում է «աղջիկների» թեմային, ապա երդվեց իր սրբություններով, որ նման բան չկա՝ ընտանեկան օբյեկտ են նախապես ծրագրել, որ մարդիկ իրենց երեխաների ու կանանց հետ գան-հանգստանան: «Հրաշք այգին» գործում է շուրջ 1.5 տարի, ու հիմա էլ դեռ շինարարություն է ընթանում»:
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: