«18plus.am» ինտերնետային կայքը ստեղծողը դատարանում այսօր՝ սեպտեմբերի 23-ին, ճանաչվեց մեղավոր կայքը ստեղծելու և պոռնոգրական բնույթի նյութեր տարածելու մեջ: Երևան քաղաքի Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների դատարանում դատավոր Մարինե Մելքոնյանը վճռեց Արթուր Մնացականյանին տուգանել 300 հազար դրամով՝ բավարարելով դատախազ Միքայել Գրիգորյանի միջնորդությունը:

Դատախազը մեղադրական ճառն ընթերցելիս առաջ է բերել մեղադրյալի արարքը մեղմացնող հանգամանքներ:

«Ապացուցված է, որ արարքին ճիշտ գնահատական է տրվել, Արթուր Մնացականյանին առաջադրված մեղադրանքը լիովին ապացուցված է։ Մեղմացուցիչ հանգամանք է համարվում այն, որ Արթուր Մնացականյանը բնութագրվում է դրական, նախկինում դատապարտված չի եղել, իրեն մեղավոր է ճանաչել և զղջացել։ Արարքը ծանրացնող հանգամանքներ չկան»,- հայտնել է դատախազը իր մեղադրական ճառում:

Արթուր Մնացականյանի պաշտպանը իր պաշտպանական ճառում հայտարարեց, որ իր պաշպանյալը չի ուզեցել պոռնոգրաֆիկ բնույթի նյութեր տարածել. «Կայքը խորհրդատվական, դաստիարակչական նպատակ է ունեցել։ Օրենքի խախտման պատճառը եղել է չիմացությունը, նա չի իմացել, որ թույլատրելի չէ»:

Մեղադրյալը իր վերջին խոսքի իրավունքից օգտվելով հայտնեց, որ իր ստեղծած կայքը նպատակ է ունեցել մարդկանց օգնելու՝ բժշկական և հոգեբանական անվճար խորհրդատվություն տրամադրվելով: Դատարանին հայտնեց, որ զղջում է 18+ անիմացիոն խաղեր տեղադրելու համար:

Հիշեցնենք, որ Արթուր Մնացականյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, նա 2012թ. հունվարին ստեղծել է «18plus.am» ինտերնետային կայքը: Նշված կայքի «18+ խաղեր» բաժնում վերջինը 2013 թվականի փետրվարի 17-ից մինչև 2014 թվականի հունվարի 31-ն ընկած ժամանակահատվածում տեղադրել է պոռնկագրական բնույթի պատկերներ և անիմացիոն խաղեր, որոնք ազատ հասանելի են եղել համացանցի բոլոր օգտատերերին: