Երգչուհին և դիզայները մեծ սիրով զրուցում են արդեն կայացած և սպասվելիք համատեղ աշխատանքների մասին:
YerevanNews.am-ի հետ զրույցում Եվա Ռիվասը նշում է, որ Շադոյանի հետ առաջին անգամ համագործակցել են իր նոր՝ «Վերադարձ» տեսահոլովակի շրջանակներում, իսկ, ընդհանուր առմամբ, միասին աշխատել են երեք անգամ: Վերջինը Եվայի ֆոտոսեսսիան է եղել, որտեղ հանդես է եկել Գևորգի կարած հագուստներով՝ վերջինիս նորաձևության տանը:
Եվան և Գևորգը մեծ ուրախությամբ խոստովանում են, որ կարճ, բայց բուռն համագործակցության ընթացքում, երբևէ տարաձայնություններ չեն ունեցել: Աշխատանքային ընթացքը մշտապես անցել է փոխվստահության և ներդաշնակության մթնոլորտում:
Գևորգ Շադոյանը բազմաթիվ աստղերի և հանրաճանաչ մարդկանց հետ է աշխատել ամենատարբեր երկրներում, սակայն չի թաքցնում հիացմունքը Եվա Ռիվասի պրոֆեսիոնալիզմի, պարտաճանաչության և համարձակության հանդեպ:
- Եվան միշտ պայմանավորված ժամից շուտ է գալիս հանդիպման վայր: Դա, անշուշտ, խոսում է նրա մասին, որ Եվա Ռիվասը գործնական մարդ է և շատ է սիրում իր աշխատանքը:
Գևորգը նաև չի թաքցնում Եվայի նկատմամբ ունեցած իր հիացմունքը որպես մոդելի և խոստովանում է, որ վաղուց է նկատել նրա մոդելային ընդունակությունները, նույնիսկ մինչ անձնապես ճանաչելը:
- Եվան գիտի աշխատել թե´ ֆոտոխցիկի և թե´ տեսախցիկի հետ: Բացի դրանից անթերի կառուցվածք ունի և հրաշալի է զգում մոդելային հարթակը: Ես ինքս շատ կցանկանամ աշխատել Եվայի հետ նաև որպես մոդել:
Գեղեցկուհի Եվա Ռիվասն անչափ շոյված լինելով հայազգի դիզայների ցուցաբերած պրոֆեսիոնալիզմով և համագործակցության արդյունքներով միասին աշխատելու պատրաստակամություն է հայտնել՝ մեկնաբանելով հետևյալ կերպ.
- Իմ և Գևորգ Շադոյանի համագործակցությունը միանշանակ ստացված եմ համարում և վստահեցնում եմ, որ շարունակվելու է, քանի որ շատ հարմարավետ եմ ինձ զգում նրա կարած հագուստները կրելիս: Ես արդեն հասցրել եմ հաջորդ ամսվա համար գործնական առաջարկ անել Գևորգին, իսկ նա սիրով համաձայնել է:
Իսկ մեզ մնում հիանալ երկու պրոֆեսիոնալների կատարած աշխատանքի արդյունքով և անհամբեր սպասել նրանց հետագա համագործակցությանը: