Այսօր՝ սեպտեմբերի 25-ին տեղի ունեցող կառավարության նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը դժգոհություն հայտնեց նախարարների հանդեպ, մասնավորապես կապված նրանց օրենքի նախագծերը նիստի ժամանակ ներկայացնելու հետ: 

Նախարար Արտեմ Ասատրյանը «Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական պաշտպանության 2015 թվականի տարեկան ծրագրին և միջոցառումների ցանկին հավանություն տալու մասին» օրենքի նախագիծը ներկայացնելու ժամանակ առաջացրեց վարչապետի զայրույթը, որը ասաց.

«Օրենքը նորմալ ներկայացրեք, ընդհանրապես այնպես ներկայացրեք, որ մարդիկ բան հասկանան: Ալարո՞ւմ եք նորմալ բացատրեք»։

Վարչապետը նաև վրդովվել է նրանից, որ նախարարները նախագիծը ներկայացնելուց հետո մի քանի օր են խնդրում նախագծի հետ կապված որոշ հարցեր վերջնական քննարկելու համար: Վարչապետը ասաց. 

«Ամեն հարցին երեք օր ժամանակ եք խնդրում: Նորմալ աշխատեք, պրոցեսը մինչև ինձ բերելը պետք է ավարտեք: Եթե կառավարությունը տալիս է համաձայնություն, այլևս բան չպիտի փոխվի, միայն հրատապ հարցերի վերաբերյալ կարելի է օր խնդրել»: 

Այս դեպքում խոսքը մասնավորապես վերաբերվում էր արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանին, որը վարչապետից խնդրեց 3 օր ժամանակ կառավարության աշխատակազմի հետ հարցեր քննարկելու համար: