Նկատի ունենալով մայրաքաղաքի տրանսպորտային հոսքերի ավելացման միտումը` մայրաքաղաքի զարգացման ծրագրերով շարունակվում են նոր շրջանցիկ ճանապարհների, խաչմերուկների, տրանսպորտային հանգույցների, հետիոտնային անցումների կառուցման ու փողոցների բարեկարգման ծավալուն աշխատանքները: Երևանի կենտրոնի բեռնաթափմանն ուղղված խոշորածավալ ծրագրերին զուգահեռ, կյանքի են կոչվում նաև տրանսպորտային փոքր հանգույցների նախագծերը, որոնք ևս կենսական նշանակություն ունեն մայրաքաղաքի համար: Երկար տարիներ թղթի վրա մնացած նմանատիպ ծրագրերից մեկն այժմ արդեն իրականություն է: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Ընթացիկ տարվա աշխատանքներով նախատեսված Տերյան փողոցի շարունակությունը հանդիսացող Արամի և Բուզանդի փողոցների միջև ընկած նոր ճանապարհահատվածն արդեն երթևեկելի է: Որակական բոլոր չափանիշներով կառուցված նոր ճանապարհը հարմարավետ է ու զգալիորեն թեթևացրել է մայրաքաղաքի այդ հատվածի երթևեկությունը: Շուրջ 70 մ երկարությամբ և երթևեկելի մասի 12 մետր լայնությամբ նոր ճանապարհահատվածն ապահովվել է նաև արտաքին լուսավորությամբ, կահավորվել ճանապարհային համապատասխան նշաններով: Ծրագրի շրջանակում վերակառուցվել է նաև կոյուղատար համակարգը: