«Ժամանակ» թերթը գրում է.
«ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության պայմանագրի նախագծի 3-րդ հավելվածի 42 կետում սահմանված է, որ 2015-2025 թվականների ընթացքում վերամշակման համար շաքարի հումքի ներմուծումը ՀՀ ազատվում է մաքսատուրքերից: ՀՀ-ն, սակայն, երաշխավորում է, որ վերամշակման համար ներմուծված հումքը և դրանից արտադրված սպիտակ շաքարը չեն արտահանվի Ռուսաստանի Դաշնություն, Բելառուս և Ղազախստան: Իր հերթին ՀՀ-ն չի կարող սահմանափակումներ մտցնել ՌԴ-ից, Բելառուսից և Ղազախստանից սպիտակ շաքարի ներմուծման վրա: Այս համաձայնությունը կարելի է դիտարկել որպես կոմպրոմիսային տարբերակ ՀՀ շաքարի հումք ներմուծողի և ԵՏՄ մյուս անդամների միջեւ, որոնցից առաջինը 10 տարով ազատվում է մաքսերից, սակայն կորցնում այս ոլորտի միանձնյա տնօրինումը՝ հնարավորություն տալով ԵՏՄ անդամ մյուս երեք երկրներին թափանցել ՀՀ շաքարավազի շուկա:
Այսպիսով, ի տարբերություն դեղորայքի, ավտոմեքենաների, սերմնացուի, մսամթերքի և մի շարք այլ ապրանքատեսակների՝ շաքարավազի հումք ներմուծողները…իսկ, ավելի ճիշտ, ներմուծողը առաջիկա 10 տարում իր վրա չի կրի ԵՏՄ անդամակցության ծանր բեռը:
Այն, որ շաքարավազ ներմուծողի շահերն առանձնակի ուշադրության են արժանացել բանակցային գործընթացում, երևում է նաև այն հանգամանքից, որ ի տարբերություն շատ այլ ապրանքատեսակների՝ շաքարավազը և շաքարի հումքի ներմուծման կարգավորումները տրված են պայմանագրի 3-րդ հավելվածում: Այդ հավելվածում, բացի շաքարի հումքից, տեղ են գտել ռազմական տեխնիկայի և քաղաքացիական ինքնաթիռների մաքսազերծման վերաբերյալ արտոնությունները»։
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: