Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշմամբ «Կաշառքի միջնորդություն» /ՀՀ քր. օր. 313-րդ հոդվածի 2-րդ մաս, 2-րդ կետ/ կատարելու մեջ մեղադրվող Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորի օգնականի պաշտոնավարումը, դատախազի որոշմամբ, ժամանակավորապես դադարեցվել է: Այս մասին հայտնում է ՀՀ դատախազությունը:
Հիշեցնենք, դատավորի օգնականի նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը՝ 2 ամիս ժամկետով: Մինչև նշված ժամկետի ավարտը, Վերաքննիչ քրեական դատարանը, բավարարելով պաշտպանի բողոքը, բեկանել է մեղադրյալի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու առաջին ատյանի դատարանի որոշումը, վերացրել է ընտրված խափանման միջոց կալանքն ու մեղադրյալին ազատել կալանքից: Մեղադրյալը նաև շարունակել է աշխատանքը դատավորի օգնականի պաշտոնում: Նախաքննության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի՝ մեղադրյալի պաշտոնավարումը դադարեցնելու մասին սեպտեմբերի 23-ի որոշումից հետո միայն, դադարեցվել է «Կաշառքի միջնորդություն» կատարելու մեջ մեղադրվող օգնականի պաշտոնավարումը: Նախաքննությունը շարունակվում է: