Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել պետական այցով Հայաստան ժամանած Հունաստանի Նախագահ Կարոլոս Պապուլիասի հետ:
Սերժ Սարգսյանը ողջունել է բարձրաստիճան հյուրին և նշել, որ ջերմությամբ է հիշում իր այցը Հունաստան և վստահ է, որ բարձրաստիճան փոխայցելությունները քաղաքական, մշակութային, տնտեսական, ռազմական և այլ ոլորտներում միջպետական հարաբերություններն ամրապնդելու և համագործակցությունը զարգացնելու լավ հնարավորություն են: Հանրապետության Նախագահն ընդգծել է, որ հայ-հունական բարեկամությունը խորը ու կենսունակ արմատներ ունի և վստահություն է հայտնել, որ Նախագահ Պապուլիասի այցը նոր թափ կհաղորդի երկկողմ հարաբերություններին՝ առավել ամրապնդելով այդ բարեկամությունը: Այս մասին հայտնում է ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:
Սերժ Սարգսյանը երախտագիտություն է հայտնել Հունաստանի իշխանություններին և ժողովրդին՝ ցեղասպանությունների, այդ թվում՝ Հայոց ցեղասպանության ժխտողականությունը քրեականացնելու օրինագծի ընդունման համար՝ ընդգծելով, որ Հունաստանն առաջիններից մեկն է ճանաչել Հայոց ցեղասպանությունը, և ժխտողականության քրեականացումը Հունաստանի հաստատուն քաղաքական գծի շարունակությունն է:
Նախագահ Պապուլիասը շնորհակալություն է հայտնել Սերժ Սարգսյանին հրավերի և ջերմ հյուրընկալության համար՝ ընդգծելով, որ իր գլխավորած պատվիրակության այցը Հայաստան նպատակ ունի ավելի ամրապնդել և խորացնել հայ-հունական բարեկամական հարաբերությունները: Երկու երկրների և ժողովուրդների բարեկամությունը, Հունաստանի Նախագահի խոսքով, ամրապնդվել է պատմության ընթացքում, բազում փորձություններ ու դժվարություններ հաղթահարած հայ և հույն ժողովուրդների թափած արյամբ, ուստի, այժմ Հունաստանը և Հայաստանը բարոյական ու քաղաքական պարտավորություններ ունեն պահպանելու և զարգացնելու պատմականորեն ձևավորված սերտ կապերը՝ նկատի առնելով նաև տարածաշրջանում առկա իրավիճակն ու արդի մարտահրավերները: Նախագահ Պապուլիասը շեշտել է, որ ոչինչ չի կարող խանգարել Հունաստանի և Հայաստանի հարաբերություններին, և որ Հունաստանի կայուն քաղաքականությունն ապացույցների կարիք չունի: Հունաստանի Նախագահը գոհունակությամբ է խոսել հայ-հունական ռազմական համագործակցության մասին, բարձր գնահատելով մի շարք այլ ոլորտներում ևս՝ մշակույթ, կրթություն, զբոսաշրջություն, ապակենտրոնացված համագործակցություն, միջխորհրդարանական կապեր, միջազգային կառույցների շրջանակներում փոխգործակցություն:
Հանդիպման ժամանակ Կարոլոս Պապուլիասը դրվատանքով է խոսել Հունաստանում հայկական համայնքի մասին, նշելով, որ հայերն իր երկրում հաջողությամբ ինտեգրվել են հասարակությանը, դարձել Հունաստանի արժանի քաղաքացիներ` լավ գիտնականներ ու տարբեր ոլորտներում բարձրորակ մասնագետներ: Նախագահ Պապուլիասը ջերմությամբ է խոսել Հայաստանում հունական փոքր, բայց իր բնորոշմամբ, կազմակերպված ու դինամիկ համայնքի մասին, ում հետ այցի շրջանակներում հանդիպում է ունենալու: