Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի «Երևան Էքսպո» ցուցահանդեսային համալիրում ներկա է գտնվել «ԴիջիԹեք էքսպո-2014» տեխնոլոգիական ցուցահանդեսի բացմանը, հայտնում է ՀՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվւթյան և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Հանրապետության Նախագահը շրջել է արդեն ավանդական դարձած «ԴիջիԹեք էքսպո» ցուցահանդեսի բաժիններում, որտեղ մասնակից շուրջ 130 ընկերություններ ներկայացրել են իրենց առաջարկները՝ հեռահաղորդակցության և ցանցային, համապարփակ ինժեներական, տեխնոլոգիական, ծրագրային, վեբ և այլ լուծումներն ու ծառայությունները: Սերժ Սարգսյանը զրուցել է ցուցահանդեսի մասնակիցների հետ՝ նրանց գործունեության, խնդիրների և հետագա զարգացման ծրագրերի մասին: