«Արագիլ» վերարտադրողական բժշկության աջակցության հիմնադրամը գիտաժողով էր կազմակերպել, որի ընթացքում ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը հայտարարեց, թե առանձնահատուկ ուրախություն է ապրում, երբ տեսնում է այն երեխաներին, որոնք ծնվել արտամարմնային բեղմնավորման ազնվաբարո գործունեության արդյունքում:
«10 տարի առաջ առողջապահական համակարգի մեծ աշխատանքի արդյունքում Հայաստանում ծնվեց առաջին արտամարմնային երեխան: Մեկ տարի առաջ էլ ծնվեց մյուս եռյակը այն հիանալի հիմնադրամի հետ համագործակցության արդյունքում, որը ղեկավարում է Ռիտա Սարգսյանը: Այս հիմնադրամի աշխատանքի արդյունքում ևս 55 կին մայրանալու սպասումներով է լի, և հենց այսօր հնարավոր է Հայաստանում ունենանք երկու նորածին երեխաներ այս բարի աշխատանքի արդյունքում»,- հայտարարեց Արմեն Մուրադյանը՝ նշելով, թե մեր կանայք այլևս կարիք չունեն մեկնել արտերկիր և այնտեղ սպասել իրենց մայրանալու իրավունքին:
«Կատարված է արդեն արտամարմնային բեղմնավորման 140 ցիկլ, որոնց արդյունքում ծնվել է 28 երեխա և տվյալ պահին կան զարգացող հղիություններ: Արդյունքները լավն են, և մենք ցանկանում ենք քննարկել դրանք»,-ասաց բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, «Արագիլ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Կարինե Թոխունցը:


