Անցյալ տարվա հուլիսի 12-ին Կոտայքի մարզի Առինջ գյուղում կասկածելի պայմաններում մահացած 21-ամյա Մարո Գուլոյանի գործով նախաքննությունը մոտենում է ավարտին:
«Ողբերգական ավարտ ունեցած ընտանեկան բռնության այս դեպքի նախաքննությունն ընթանում է ավելի քան 7 ամիս և աղջկա մահվան հանգամանքները դեռևս չեն բացահայտվել»,- նշում է թերթը:
Ըստ պաշտոնական վարկածի` Մ. Գոլոյանը, ով 4 ամսական հղի էր և ուներ 1,8 տարեկան երեխա, ինքնասպան է եղել. կախել է իրեն խալաթի գոտիով:
Մինչդեռ աղջկա հարազատները չեն հավատում իրենց դստեր ինքնասպանության վարկածին: Նրանք համոզված են, որ իրենց աղջկան սպանել է վերջինիս ամուսինը` 26-ամյա Գևորգ Գուլոյանը:
Ոստիկանության Կոտայքի մարզի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածով քննվող այս գործի շրջանակներում, աղջկա ծնողների պահանջով, նշանակվել է կրկնակի դատաբժշկական փորձաքննություն:
Մ. Գուլոյանի ընտանիքը դիմել է «Հասարակություն առանց բռնությունների» հասարակական կազմակերպության կողմից ստեղծված արագ արձագանքման խմբին և պատմել, որ Մարոն ու Գևորգը ամուսնացել են սիրով, սակայն մեկ տարի անց սկսվել են անախորժությունները:
Բանն այն է, որ Գևորգը խաղամոլ է եղել: Խաղատներում պարտվելով` վաճառել է կնոջ ամբողջ ոսկեղենը, պարտքերի տակ ընկել, կնոջն էլ ստիպել անընդհատ գումարներ գտնել:
Ըստ աղջկա ծնողների պատմածի` անընդհատ ծեծ ու ջարդ է եղել տանը` փողի պատճառով:
Ամուսնուց բաժանվել չի կարողացել, քանի որ ամուսինը նրան վախեցրել է, թե դստերը` Արևիկին, չի տա: Գրում է «Հայացք» օրաթերթը:


