«Առավոտ» թերթը հիշեցնում է, որ 19-ամյա զինծառայող Ժ.Մկրտչյանը, ով Թալինի Լուսակն գյուղից էր, 2010թ. սեպտեմբերի 27-ին` ծառայության 9-րդ ամսին, սուր փսիխոզ ախտորոշմամբ ԼՂՀ «Եղնիկներ» զորամասից տեղափոխվել էր Երևանի կայազորի զինվորական հոսպիտալի  հոգեբուժական բաժանմունք:

Թերթը գրում է. «Սերժանտ Վաչիկ Գրիգորյանը, շարքայիններ Ալբերտ Առաքելյանը և Մովսես Բադալյանը, ծեծելով ու նվաստացնելով, Ժորային գրեթե մահվան էին հասցրել»:

Իսկ Ժորայի հայրը թերթի թղթակցին պատմել էր. «Լավ ծեծել էին երեխուն, լապատկով որ զարկեն գլխին, պատկերացնո՞ւմ եք` ինչ կլինի: Ականջը կապույտ, մարմնի վրա էլ` վառվածի հետքեր. ծխախոտ էին հանգցրել, նվաստացրել, ծաղրել էին չորսով մեկին»:

2010թ. դեկտեմբերին Ժ. Մկրտչյանը տուն էր եկել: Նա հաճախ է մեկուսացել: Ժորան գլխի շրջանում ստացած վնասվածքներից հետո հոգեկան խանգարում էր ստացել:

Դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում սերժանտ Վ. Գրիգորյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 360-րդ հոդվածի 2-րդ մասով, շարքայիններ Ա.Առաքելյանին ու Մ.Բադալյանին` 359-րդ հոդվածի 1-ին մասով:

Գործով քննիչ Ս.Թամազյանը թերթի թղթակցի հետ զրույցում ասել է, որ հարուցված քրեական գործով մեղադրյալները երեքն են և գործն ուղարկվել է դատարան:

Թերթը գրում է, որ ՊՆ-ն հետաքրքրվել է զինվորի ճակատագրով միայն մամուլում տպագրված հրապարակումներից հետո, ցավակցել զինվորի ընտանիքին և դրամական օգնություն ցուցաբերել: Օգնություն են ցուցաբերել նաև ուսանողները` յուրաքանչյուրը փոքր գումար նվիրաբերելով` սոցիալապես ծանր պայմաններում գտնվող զինվորի ընտանիքին աջակցելու համար: Այդ նույն նպատակով բացվել է նաև հաշվեհամար:

«Էս վիշտը մենակ իմ վիշտը չէ: Դեռ ինչքան ընտանիք կա, որ զինվոր է կորցնում»,- ասել է Ժ.Մկրտչյանի հայրը: