"Քաղաքացիական հասարակության ինստիտուտ" ՀԿ նախագահ Արման Դանիելյանը դիմել է ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին` դադարեցնելու համար իր լիազորությունները ՀՀ ոստիկանության կարգապահական հանձնաժողովի կազմում: ՔՀԻ-ն և ևս 4 հասարակական կազմակերպություններ ՀՀ կառավարության 2014 թվականի մայիսի 8-ի որոշմամբ ընդգրկվել էին այդ հանձնաժողովի կազմում՝ խաղաղ հավաքների ընթացքում ծառայություն իրականացնող ոստիկանների գործողությունների նկատմամբ քաղաքացիական վերահսկողություն իրականացնելու նպատակով:

Հաշվի առնելով հանձնաժողովի բացարձակ անգործությունը՝ և վերջինիս զուտ ձևական բնույթը՝ մենք կարծում ենք, որ այն չի ծառայում իր նպատակներին: Այդ պատճառով նպատակահարմար չենք գտնում շարունակել անդամակցությունը հանձնաժողովի կազմում: 

ՀՀ ոստիկանապետին ուղղված դիմումն ամբողջությամբ.

«Հարգելի՛ պարոն Գասպարյան,

Կարևորելով հասարակական վերահսկողության դերը հավաքների ընթացքում, ես դիմել էի, որպես հասարակական կազմակերպության ներկայացուցիչ, ՀՀ ոստիկանության
կարգապահական հանձնաժողովի կազմում ընդգրկվելու համար: Սույն թվականի մայիսի 21-ին ՀՀ ոստիկանությունից ստացա նամակ, որում տեղեկացվում էր, որ Հայաստանի
Հանրապետության կառավարության 2014 թվականի մայիսի 8-ի թիվ 507-Ա որոշման
համաձայն ես` Արման Դանիելյանս, ընդգրկվել եմ տվյալ հանձնաժողովում:
Քանի որ տևական ժամանակ ոչ մի նիստ չէր գումարվում, ես ինքս նախաձեռնությամբ
հանդես եկա՝ Ձեզ ուղարկելով համապատասխան տեսանյութեր, որտեղ հստակ երևում էր,
թե ինչպես էին հունիսի 23-ին, Սարյան 22 հասցեում կազմակերպված հավաքի ընթացքում
ոստիկանության աշխատակիցները հասարակական կարգի պահպանման ժամանակ
բռնություն գործադրում ցուցարարների նկատմամբ, և առաջարկելով կարգապահական
վարույթ հարուցել ոստիկանների կողմից հնարավոր օրինազանցության դեպքերի քննության նպատակով։
Գրությանս ի պատասխան ինձ նամակով տեղեկացրեցին, որ հանձնաժողովի նիստեր
գումարվում են միայն կարգապահական կոպիտ խախտումներ ի հայտ գալու դեպքում, իսկ
վերը նշված դեպքի առնչությամբ ասվում էր, որ իրականացվում է ծառայողական քննություն, և եթե հայտնաբերվի կոպիտ խախտում, կգումարվի կագապահական հանձնաժողովի նիստ:
Սակայն ոչ այդ, ոչ էլ մի շարք այլ՝ հասարակության կողմից լայն քննարկումների առարկա
դարձած միջադեպերով ոչ մի նիստ չի հրավիրվել, և ես այդ մասին ոչ մի ծանուցում չեմ
ստացել:
Հաշվի առնելով հանձնաժողովի բացարձակ անգործությունը՝ ես կարծում եմ, որ վերջինիս
գոյությունը զուտ ձևական բնույթ է կրում և չի ծառայում իր նպատակներին: Այդ պատճառով նպատակահարմար չեմ գտնում շարունակել իմ անդամակցությունը այդ հանձնաժողովին:
Հետևաբար խնդրում եմ 2014 թվականի հոկտեմբերի 3-ից դադարեցնել իմ լիազորությունները ՀՀ ոստիկանության կարգապահական հանձնաժողովի կազմում:

Հարգանքով՝
Արման Դանիելյան
«Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ նախագահ»: