Արմենիա հեռուստաընկերության արդեն մեկնարկել է « Հայաստանի ձայնը» երաժշտական նախագծի 3-րդ եթերաշրջանը, որի մարզիչների կազմն իր ներկայությամբ զարդարելու է երգչուհի Եվա Ռիվասը: Եվա Ռիվասը չի թաքցնում, որ մեծ ուրախությամբ է ընդունել նախագծին մասնակցելու առաջարկը և հուսով է, որ նախագծի ընթացքում հայ հանդիսատեսն իրեն ավելի լավ կճանաչի և կգնահատի իր երաժշտական կարողությունները:
«Գիտեմ, որ շատերն ինձ թերագնահատում են և բացասական կարծիքներ են հայտնում: Ես դա համարում են նորմալ, քանի որ դեռ շատ կարճ ժամանակահատված է, ինչ հայտնվել եմ հայկական երգարվեստում և դեռ չեմ հասցրել ամբողջությամբ դրսևորել ինձ: « Հայաստանի ձայնը » նախագիծը հրաշալի առիթ է, որ հայ հանդիսատեսն իսկապես ճանաչի ինձ և´ որպես երգչուհի, և´ որպես մարդ»:
Եվա Ռիվասը նշում է, որ իր համար բացարձակ նշանակություն չեն ունենալու մասնակիցների սեռը, տարիքը և մատուցած երգի ժանրը: Ընտրություն կատարելու է միմիայն մասնակիցների տաղանդի և ձայնային տվյալների հիման վրա: Իսկ սեփական թիմը հավաքելուց հետո անկասկած հաշվի է առնելու մասնակիցների ցանկությունները երգի ընտրության հարցում:
«Նախ պետք է ծանոթանամ իմ թիմի անդամներից յուրաքանչյուրի ձայնային և արտիստիկ տվյալներին ամբողջապես, իսկ դրանից հետո միասին կընտրենք այնպիսի երգեր, որոնք լիովին կհամապատասխանեն մասնակիցներին և թույլ կտան նրանց ազատ, հարմարավետ և անկաշկանդ զգալ իրենց բեմում՝ երգը կատարելիս»:
Հարցին, թե ինչո՞վ է պատրաստվում տարբերվել մյուս մարզիչներից Եվա Ռիվասը պատասխանեց, որ «Հայաստանի ձայնը» ոչ թե մարզիչների, այլ մասնակիցների մրցակցություն է, և իր պարտքն է համարում ոչ թե անձնապես տարբերվել կամ աչքի ընկնել, այլ անել այնպես, որ իր թիմի մասնակիցները տարբերվեն մնացած թիմերի մասնակիցներից: