Քիչ առաջ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը միաձայն որոշմամբ դրական եզրակացություն տվեց 2008թ. մարտի 1-2-ին Երևան քաղաքում տեղի ունեցած դեպքերի կապակցությամբ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ որոշման նախագիծը նստաշրջանի և առաջիկա քառօրյա նիստերի օրակարգերում ընդգրկելու նախագծի վերաբերյալ: Այս մասին գրում է «Փաստինֆո»-ն:
«Հայ ազգային կոնգրես» խմբակցության անդամների հեղինակած որոշման նախագծով ստեղծվելիք հանձնաժողովն ուսումնասիրելու է մարտի 1-2-ին Երևան քաղաքում տասը անձանց սպանությունների, քաղաքացիական անձանց, ոստիկանության աշխատակիցներին ու զինծառայողներին հրազենային ու այլ մարմնական վնասվածքներ պատճառելու դեպքերով ՀՀ ոստիկանության, Հատուկ քննչական ծառայության և ՀՀ գլխավոր դատախազության ձեռնարկած միջոցառումների ու գործողությունների հիմնավորվածության և օրինականության հարցը:
Հիմնական զեկուցող՝ ՀԱԿ խմբակցության անդամ Գագիկ Ջհանգիրյանը ներկայացնելով որոշման նախագիծը նշեց, որ այն վերանայվել է և նախկինում գրեթե բոլոր առաջարկություններն ու դիտողությունները, բացառությամբ ընդունվել են: Այդ թվում վերանայվել է քաղաքական մեծամասնության կողմից նշված ամենասկզբունքային՝ հանձնաժողովի կազմավորման կարգը: Եթե նախկինում առաջարկվում էր հանձնաժողովում ընդգրկել յուրաքանչյուր խմբակցությունից մեկական պատգամավոր, ինչը հնարավոր էր դարձնում քաղաքական մեծամասնությանը հայտնվել փոքրամասնության կարգավիճակում, ապա այժմ առաջարկվում է կիրառել Էթիկայի հանձնաժողովի ձևավորման կարգը: Ըստ այդմ հանձնաժողովը կազմված կլինի յոթը անդամներից, որոնցից երկուսը կնշանակվեն ՀՀԿ-ի կողմից, իսկ մյուս խմբակցությունները կունենան մեկական անդամ նշանակելու իրավունք: Չի բացառվում նաև, որ առաջարկվի հիշյալ հանձնաժողովի նիստերն անցկացնել դռնփակ, բացառությամբ այն դեպքերի, երբ հանձնաժողովը կորոշի, որ դրանք լինեն դռնբաց:
Ինչպես նշեց ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը, բոլոր քաղաքական ուժերի հիմնական խնդիրը պետք է լինի այս հանձնաժողովին քաղաքական շահարկումներից և հայտարարություններից զերծ պահելը, որպեսզի այն զբաղվի միայն իրավական խնդիրներով: Այս կարծիքին համամիտ էին բոլոր խմբակցությունների ներկայացուցիչները, ովքեր կարևորեցին հիշյալ ողբերգական դեպքերի հետ կապված ճշմարտության բացահայտումը, ինչին և սպասում է հասարակությունը:
Դ. Հարությունյանը, չցանկանալով կանխատեսումներ անել, թե ինչպիսին կարող է լինել հանձնաժողովի գործունեության արդյունքը, նշեց, որ վստահաբար կարելի է ասել, որ «այդ աշխատանքը լինելու է դժվարություններով լի»: «Մենք պետք է գիտակցենք, որ բոլոր քաղաքական ուժերը կարծես թե հանգում են այն եզրակացության, որ բավարար հասուն ենք՝ այս աշխատանքը պատշաճ իրականացնելու համար»,- ընդգծեց Դ. Հարությունյանը:
Հիշեցնենք, որ այս հարցը քննարկվել էր հանձնաժողովի դեռևս 2012թ.-ի նոյեմբերի 28-ի և դեկտեմբերի 3-ի նիստերում: Արդյունքում որոշվել էր նստաշրջանի օրակարգի նախագծում այն ընդգրկելու ժամկետը հետաձգել մինչև մեկ տարով:
Նախագծին հավանություն տալու համար կոալիցիան առաջարկել էր մի շարք պայմաններ: Մասնավորապես, որ ժամանակավոր հանձնաժողովի կազմը պետք է ձևավորվի հավասարության սկզբունքով այնպես, որ հանձնաժողովի կազմում ՀՀ Ազգային ժողովի մեծամասնությունը ներկայացնող անդամները կազմեն հանձնաժողովի անդամների կեսը: Երկրորդ` նախագծի հիմնավորումը պետք է լինի չեզոք և չպետք է պարունակի քաղաքական ու իրավական գնահատականներ: Երրորդ` նախագծի 1-ին կետում պետք է շեշտվի, որ ժամանակավոր հանձնաժողովն իր գործունեության արդյունքում տալու է իր գնահատականը ձեռնարկված միջոցառումների օրինականության և հիմնավորվածության վերաբերյալ: Չորրորդ` հեղինակները որոշման նախագծի քննարկումը հետաձգում են մինչև 1 տարի ժամկետով և վերոհիշյալ առաջարկություններով հանդերձ հարցը ներկայացնում են քննարկման ՀՀ նախագահի ընտրություններից հետո: