Հայաստանի Քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ հակառակորդի կողմից Տավուշի մարզի 25-ամյա բնակչի նկատմամբ ազգային, ռասսայական կամ կրոնական շարժառիթով սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ, հայտնում է ՀՀ հատուկ քննչական ծառայությունը։

 2014 թվականի հոկտեմբերի 2-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, Տավուշի մարզի Չորաթան գյուղի 25-ամյա բնակիչն իր անձնական օգտագործման «ԶԻԼ-130» մակնիշի 59 ՏԼ 042 պետհամարանիշի ավտոմեքենայով, իր տան շինարարական աշխատանքների համար ավազ տեղափոխելու նպատակով, գտնվել է Չորաթան գյուղին պատկանող «Ներքին Շեն» կոչվող հանդամասում, որտեղ ադրբեջանական մարտական դիրքերից, դիտավորությամբ կյանքից զրկելու նպատակով, կրակոցներ են արձակվել բնակչի և նրա մեքենայի ուղղությամբ, որի հետևանքով վերջինիս մեքենայի վրա առաջացել են հրազենային վնասվածքներ։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 13-րդ կետով։

Կատարվում է նախաքննություն։

Զննության է ենթարկվել ԶԻԼ-130 մակնիշի ավտոմեքենան, սակայն դեպքի վայրում առայժմ չի հաջողվել կատարել զննություն՝ կյանքի համար վտանգավոր լինելու պատճառով։