Այսօր հոկտեմբերի 8-ին ՀՀ Զինված ուժերում նշում են Տանկիստի օրը:

1992 թվ. հոկտեմբերի 8-ին, ավարտվեց ՀՀ ԶՈՒ առաջին տանկային ստորաբաժանման ձևավորումը, իսկ հետագա տարիներին` շարունակեցին կատարելագործվել ՀՀ ԶՈւ տանկային ստորաբաժանումները:

Տանկային ստորաբաժանումների դերը չափազանց մեծ էր Արցախյան գոյապայքարում: Արցախյան ազատամարտի տարիներին Հայկական Բանակն ուներ ընդամենը մի քանի տանկ, որոնց մեծ մասը, հակառակորդից վերցված տեխնիկա էր:

Սակայն մեր տանկիստներն իրենց ունակություններով շատ կարճ ժամանակահատվածում հաջողություններ են արձանագրել: Տանկային ստորաբաժանումները գերազանց կատարել են իրենց խնդիրը` թե´ հարձակման, թե´ պաշտպանության առումով: Շուշիում է գտնվում 1992 թ. մայիսի 9-ի Շուշիի ազատագրումը խորհրդանշող տանկի հուշարձանը, որը մեր ստորաբաժանումների սխրանքն է հավերժացնում:

Բազմաթիվ դժվարություններ հաղթահարելով` տանկային ստորաբաժանումները ժամանակի ընթացքում կայացել են: Այսօր Հանրապետությունում ունենք վերանորոգման գործարաններ, որոնք լիարժեք կատարում են տանկերի, կամ ընդհանուր զրահատեխնիկայի վերանորոգման և կատարելագործման աշխատանքները:

1996-ից Վազգեն Սարգսյանի հրամանով, հոկտեմբերի 8-ը նշվում է որպես Տանկիստի օր:

Նշենք, նաև, որ «Տանկային բիաթլոն-2014»-ի եզրափակիչ փուլի արդյունքներով հայ տանկիստները, արձանագրելով բարձր ցուցանիշներ, գրավել են երկրորդ տեղը` զիջելով Ռուսաստանի հավաքականին: 3-րդ և 4-րդ տեղերը զբաղեցրել են Չինաստանի ու Ղազախստանի տանկային անձնակազմերը: