Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) ՀՀ դատավորի թեկնածուների ընտրության գործընթացին է անդրադարձել արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը: Ըստ նրա տված տեղեկատվության գործընթացի հրապարակայնության վերաբերյալ մասնակիցների կողմից որևէ հարցադրում, կասկած, պահանջ չի ներկայացվել` բացի մեկ դիմումից, որին հանձնաժողովը պատասխանել է:
«Առաջին անգամ է, որ նմանատիպ մրցույթն իրականանում է աննախադեպ հրապարակային, բաց, թափանցիկ պայմաններում, նույնիսկ անսահմանափակ հնարավորություն էր տրված հանրային սեկտորի ներկայացուցիչներին և լրատվամիջոցներին՝ բացարձակ ծավալով տեսագրել, ձայնագրել և ականատես լինել ամբողջ գործընթացին»,- լրագրողների հետ զրույցում ասել է արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը:
Խոսքի ազատության, աշխատելաոճի թափանցիկության համար նախարարը հիմնավորումներով է հանդես եկել. «Մենք ազատ մամուլ ունենք, բաց հասարակություն ենք, խոսքի ազատության իրավունք կա, և ցանկացած դիրքորոշում կարելի է հրապարակային արտահայտել: Սակայն դա չի նշանակում, որ եթե որևէ դիրքորոշում հրապարակային արտահայտվեց, ապա դա պետք է ընդունել որպես հիմք»: