«Երևանը նաև մեր քաղաքն է» ստորագրահավաքի նախաձեռնողներն այսօր քաղաքապետի օգնական Սամվել Մերթարջյանին հանձնեցին ստորագրված 2796 թերթիկներ: Ստորագրահավաքն իրականացվել է Երևանի 2796 ամյակին ընդառաջ ու նպատակ ունի կոչ անել Երեւանի քաղաքապետարանին հաշմանդամություն ունեցող մարդկանց համար քաղաքը դարձնել առավել մատչելի ու ավելացնել մատչելիության ապահովմանն ուղղված գումարը:
«Ընդհանուր համագործակցությունն իհարկե, գոհացնում է, և կարծում ենք, որ ստորագրահավաքի կարևոր նպատակներից մեկն իրականացավ: Այն կարծիքը, որ քաղաքացիներին այդքան էլ չի հուզում հաշմանդամություն ունեցող մարդկանց խնդիրները, այդքան էլ իրական չէ: Այս նախաձեռնությունը ապացուցում է, որ քաղաքացիները սրտացավ են»,-ընգծեց Disabilityinfo.am կայքի խմբագիր Զարուհի Բաթոյանը՝ հավելելով, որ քաղաքը մատչելի դարձնելու աշխատանքները պետք է սկսել դեռ այն ժամանակ, երբ որոշվում է նոր շինարարություն ծավալել քաղաքում։ Զարուհի Բաթոյանի խոսքով շատ դեպքերում, շինարարության ավարտից հետո են թեքահարթակներ տեղադրում, որոնք բացարձակ հարմար չեն:


