ԵՏՄ անդամակցելուց էական փոփոխություններ չի սպասում ժողովրդագիր Ռուբեն Եգանյանը: Նա այսօր հրավիրված ասուլիսում հայտարարեց, որ Հայաստանի ԵՏՄ-ին անդամակցելու դեպքում Ռուսաստանը իր միգրացիոն քաղաքականության մեջ ձևական փոփոխություններ կմտցնի: Նրա խոսքից հայտնի դարձավ, որ միևնույնն է, Ռուսաստանի իշխանությունը առանց գրանցման և աշխատանքի թույլտվության միգրանտին թույլ չի տա աշխատի:
ՌԴ քաղաքացիներն անգամ պարտավորություն ունեն գրանցվել ուրիշ տեղ աշխատելու համար, հայտնեց ժողովրդագիրը. «Խնդիրն այն է, որ մարդը գրանցվելիս առնչվում է բյուրոկրատական կառույցների հետ: Նման դեպքում բոլորս էլ գիտենք՝ ինչպես են հարցերը լուծվում: Հիմա ԵՏՄ մտնելուց էական փոփոխություններ չեմ սպասում, ես կուզենայի սխալված լինել, բայց իմանալով Ռուսաստանի իրողությունները, հասկանում եմ, որ այդպես չի լինելու: Մեր միգրանտները էլի գնալու են Ռուսաստան, հետևաբար՝ տարբերություն չի լինելու»:
Ռուսաստանի համար միգրացիան շատ կարևոր բնույթ է կրում ըստ Եգանյանի. «Մի բան պարզ է. այսօրվա Ռուսաստանը առանց միգրացիայի չի կարող, դա պայմանավորված է տնտեսական խնդիրներով ու դեմոգրաֆիկ գործոնով: Բոլորը գիտեն, որ Ռուսաստանում կան աշխատանքներ, որոնք անում են միայն միգրանտները, տեղի բնակչությունը այդ աշխատանքը հրաժարվում է անել, սակայն, ՌԴ իշխանությունը հաճախ է միգրանտների հարցը օգտագործում իր բնակչությանը իրական խնդիրներից շեղելու համար, և դեռ երկար ժամանակ է այդ հարցը օգտագործվելու»:


