Երեկ՝ հոկտեմբերի 10-ին տեղի ունեցավ երկու երկար սպսված իրադարձություն: Հայաստանը միացավ ԵՏՄ-ին և Ազատության հրապարակում տեղի ունեցավ ոչ իշխանական երեք ուժերի հանրահավաքը:

«Ես կարծում եմ, որ որևէ լուրջ ներքաղաքական զարգացումներ մենք չենք կարող սպասել տեսանելի ապագայում»,- YerevanNews.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Սերգեյ Մինասյանը, անդրադառնալով երեկ տեղի ունեցած Եռյակի հանրահավաքին:

«Թե հանրահավաքի մասնակիցներից, և թե այդ մասնակիցների այն առանձնահատկությունից, որ հավաքվածների կեսից ավելին ոչ թե Երևանի բնակիչներ էին, այլ ինչ որ պատահականությամբ Կոտայքի մարզի, մեծ զարգացումներ չպետք է սպասել»,- նշեց Մինասյանը՝ հավելելով, որ ամեն ինչ խոսում է նրա մասին, որ հանրահավաքը այդքան էլ մեծ չէր և դժվար թե քաղաքական դաշտում լուրջ զարգացումներ կարողանան լինել:

Քաղաքագետն անդրադարձավ նաև Հայաստանի՝ ԵՏՄ անդամակցությանը, նշելով, որ հետևանքների մասին դեռ վաղ է խոսել: «Երբ 2015 թվականի հունվարի 1-ից մենք լիովին կանդամակցենք ԵՏՄ-ին, այդ ժամանակ նոր պարզ կլինի, թե մեզ համար  ինչ հետևանքներ կունենա այն անդամակցությունը»,- ասաց նա:

Հիշեցնենք նաև, որ Բելառուսի մայրաքաղաք Մինսկում երեկ՝ հոկտեմբերի 10-ին, ավարտվեց Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը, որտեղ ի թիվս այլ փաստաթղթերի ստորագրվել է Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրին Հայաստանի միանալու մասին պայմանագիրը: